«Երևան սիթի» սուպերմարկետների ցանցում, մսամթերքը կտրուկ թանկացել է:
Խանութի աշխատողներն ասացին, որ մսամթեքրը թանկացել է 18-20 տոկոսով և այսօրվա ընթացքում սպասվում է նաև միրգ-բանջարեղենի թանկացում։
Սրան զուգահեռ սուպերմարկետների ղեկավարների բաց նամակը վարչապետին, որտեղ ողջունում են կառավարության կողմից որդեգրած առևտրային գործունեություն իրականացնող տնտեսվարողներին օրինական դաշտ բերելու քաղաքականությունը՝ ընդգծելով սակայնմ, որ խոշոր առևտրային ցանցերի գործունեությունը, այդ թվում՝ գյուղմթերքի գների կայունությունը, հայտնվել է ռիսկի տակ:
«Մթերային ցանցային խանութները ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի թույլատվությամբ բացել են Ա/Ձ-ներ և գյուղմթերքի շրջանառությունը իրականացրել են այդ Ա/Ձ-ների միջոցով, որի համար սահմանվել է 5 տոկոս շրջանառության հարկ: Օրինակ, եթե գյուղմթերքը գյուղացուց գնվել է 1,000 ՀՀ դրամով և վաճառվել 1,100 ՀՀ դրամով, հարկային մարմին որպես շրջ. հարկ վճարվել է 55 ՀՀ դրամ, իսկ եթե ցանցերը գործունեություն ծավալեին առանց Ա/Ձ-ների, ապա վերջիններս պետք է ընդհանուր գնից վճարեին 20 տոկոս ԱԱՀ, ինչն անթույլատրելի է, քանի որ ԱԱՀ-ի վճարման պարտավորությունը կրելու էր սպառողը, ինչն էլ իր հերթին կբերեր գյուղմթերքի բավական անհիմն թանկացումների: Ստացվում է, որ Պետական եկամուտների կոմիտեն գյուղմթերքի դիմաց ցանցերի շահույթի զգալի մասը արդեն իսկ գանձել է և հիմա պահանջում է ևս 20 տոկոս հարկի վճարում նախկին շրջանառությունից, որը ցանցերը չեն աշխատել: Վերը նշվածը կարող է հանգեցնել այլ երկրներից ներկրվող գյուղմթերքի էական քանակի ավելացմանը ի վնաս տեղական շուկայի: Վտանգված է նաև թե՛ առևտրային ցանցերի անցնցում գործունեությունը, թե՛ աշխատատեղեր ապահովելու խնդիրը»,- գրում են սուպերմարկետի ղեկավարներն ու կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպում պահանջում թանկացումներից խուսափելու և ստեղծված իրավիճակը քննարկելու համար:
Լուսանկարները՝ aysor.am: