ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստին 2017թ. բյուջեի քննարկմանը ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը տեղեկացրեց, որ հաշվետու տարում արտաքին աղբյուրներից տրամադրվել են ավելի քան 14,6 մլրդ դրամ պաշտոնական դրամաշնորհներ։
Ջանջուղազյանի խոսքով՝ դրամաշնորհները կազմել են տարեկան ճշտված ծրագրի 41,7%-ը, այսինքն՝ կանխատեսվածից պակաս է ստացվել 20,5 մլրդ դրամ։
ԵՄ-ի կողմից բյուջետային աջակցության ծրագրի շրջանակներում 2017-ին տրամադրվել է շուրջ 3,7 մլրդ դրամ, ասաց նա:
ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն էլ հավելեց, որ ԵՄ-ից տրվող ֆինանսական հոսքերի վերաբերյալ քաղհասարակության տարբեր կազմակերպությունների մոտ կասկած կա։
«Քաղհասարակության տարբեր կազմակերպություններ մտահոգություններ ունեն, որ ԵՄ-ի կողմից տրվող դրամաշնորհներն ու բյուջեի ուղղակի ներարկումները շատ դեպքերում փոշիացվել են տարբեր անկապ և անիմաստ ծրագրերի համար։ Ինչ-որ 2-3 հատ մայկա են տպել ծխախոտի դեմ պայքարի համար և այլն», - նշեց Զոհրաբյանը՝ առաջարկելով վստահության վերականգնման համար դրամաշնորհների ու բյուջեի ներարկումների առնվազն 1-2 տարվա աուդիտ իրականացնել:
Ատոմ Ջանջուղազյանն էլ իր հերթին ընդգծեց, որ եթե խոսքը բյուջեն շրջանցած ծրագրերի մասին է, որոնք պետական կառույցների հետ կապ չունեն, ապա դրանց դեպքում աուդիտը պետք է իրացվի այն կառույցների կազմակերպչաիրավական կարգավորումների համաձայն, որոնց միջոցով այդ ծրագրերը իրականցվում են։
«Ինչ վերաբերում է բյուջեին, ապա դրա հետ կապված ամեն տարի է աուդիտ արվում։ Յուրաքանչյուր տարվա համար դա ներկայացվում է, նաև Հաշվեքննիչ պալատի եզրակացությունը կա այդ մասով», - նշեց Ջանջուղազյանը։
Vesti.am









