Տնտեսագետ Ատոմ Մարգարյանն անդրադարձել է հարկային ստվերի բացահայտմանը:
«Երկու դիտարկում հարկային ստվերի բացահայտման համատեքստում
1. Ազգային անվտանգության ծառայության բացահայտումները «Երևան սիթի» և մյուս մոտ մեկ տասնյակ սուպերմարկետներում տասնյակ միլիարդավոր ստվերային շրջանառությունների ու չվճարված հարկերի վերաբերյալ, իհարկե, արդյունք են Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների։ Այնպես չէ, որ ՊԵԿ-ի կամ ԱԱԾ-ի համար այդ թիրախները անհայտ էին, ու նրանց տեղը չգիտեին։ Ավելի շուտ, ճիշտ հակառակն է՝ այդ մարմինների համար ամեն ինչ եղել է տեսանելի ու բոլոր հոսքերը... վերահսկելի։ Պարզապես՝ «նորին գերազանցության» սահմանած խաղի կանոններն են եղել այդպիսին, այն է՝ ստվերային հոսքերի առյուծի բաժինը ուղղել համապատասխան հիմնադրամներ կամ «սև գանձարկղեր»։ Սա այն է, ինչ ես անվանում եմ «կոռուպցիոն տուրք»։ Հիմա ասվում է, որ ստվերային սխեմաներ ու արտոնություններ չեն լինելու, բիզնեսը վարվելու է թափանցիկ, առանց ավելորդ հաշվապահական կապիկությունների, շահույթներն էլ լինելու են մրցակցային։ Ստվերից դուրս գալը, անշուշտ իր գինն ունի, որոշ գնաճային ռիսկեր (կարճաժամկետ) թերևս կլինեն։ Բայց ավելի երկար ժամկետում վստահաբար շուկայական մրցակցությունը իրենը կանի՝ գները կվերադառնան նախկին մակարդակին։
2. Մյուս կողմից, խոշոր առևտրում (սուպերմարկետների ցանցեր, մոլեր) ու ներմուծման մեջ խոշոր ներդրումներ արած գործարարներին իշխանությունն առաջարկում է այլ տիպի արտոնություններ՝ կապիտալն արտադրության ոլորտ տեղափոխելու դիմաց։ Ամենավերջին օրինակը Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս տեքստիլ» ընկերությանը վաղը կառավարության որոշմամբ տրվելու է սարքավորումների ներկրման պարագայում ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնություն։ Հասկանալի է, որ կապիտալի այդպիսի փոխակերպումն ու առևտրից անցումը արտադրության ոլորտ բոլոր խնդիրների լուծման բանալին է՝ դրանք և լրացուցիչ աշխատատեղեր են, և կայուն եկամուտներ են շահույթների, աշխատավարձերի և բյուջե մուծված հարկերի տեսքով, ինչպես նաև արտահանումներից մուտքեր են՝ արտաարժույթի տեսքով։
Մեծ հաշվով սա արդեն որակական փոփոխություն է տնտեսական քաղաքականության մեջ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է տնտեսագետը:
Vesti.am









