Foto

Մհեր Գրիգորյանը Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում ՓՄՁ-ների գործունեության համար ստեղծված պայմանները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոյի գլխավորած պատվիրակությանը:

Զրուցակիցները գոհունակությամբ են խոսել Հայաստանի և Համաշխարհային բանկի միջև համագործակցության մակարդակի մասին՝ անդրադարձել տարբեր ոլորտներում իրականացված և մշակման փուլերում գտնվող ծրագրերին: Փոխվարչապետը բարձր է գնահատել մասնավորապես ՀԲ-ի կողմից մատուցված խորհրդատվական և հետազոտական ծառայություններն ու հավաստիացրել, որ դրանք նպաստում են Հայաստանի սոցիալ-տնտեսական համակարգերի զարգացմանը: Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանում ՓՄՁ-ների գործունեության համար ստեղծված պայմանների ու դրանց աստիճանական բարելավման համար առկա հեռանկարի ու հնարավորությունների շուրջ: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի համոզմամբ՝ ՓՄՁ-ների արդյունավետ գործունեության խնդիրները գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում, սակայն ընդհանուր առմամբ առկա է մեծ ներուժ, որն իրացնելու համար կառավարությունը ակնկալում է միջազգային գործընկերների հետ համագործակցությունը:

 Փոխվարչապետը և Համաշխարհային բանկի ներկայացուցիչները երկուստեք պատրաստակամություն են հայտնել շարունակելու սերտ և արդյունավետ համագործակցությունը՝ Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու ուղղությամբ: