«2017 թվականի բյուջեի ճշտված եկամտային մասը կազմել է 1 տրլն 320,9 մլրդ դրամ, որտեղ մեծ տեսակարար կշիռ ունի հարկային եկամուտներ և պետական տուրքեր բաժինը՝ ավելի քան 93 տոկոս»,- 2017 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։
Նրա խոսքով, այդտեղ 1,6 տոկոսով ավելացել է հարկային եկամուտների կշիռը և կազմել 1 տրլն 158 մլրդ դրամ, մինչդեռ ճշտված ցուցանիշը 1 տրլն 205 մլրդ դրամ է եղել:
«2016 թվականի համեմատ բացարձակ աճը կազմել է շուրջ 78,3 մլրդ դրամ, սակայն պետք է այդ ցուցանիշները բերել համադրելի դաշտ և մի կարևոր գործոն հաշվի առնել՝ ավելացված արժեքի հարկի հետ վերադարձի գործոնը: Մինչև 2017 թվականը բյուջեի մասին օրենքում ծախսային մասում արտացոլվում էր ԱԱՀ հետվերադարձը արտահանողներին: Սակայն միջազգայնորեն ընդունված ստանդարտներին համապատասխան այդ գործոնը հաշվի էին առնում և չեզոքացնում դրա ազդեցությունը բյուջեի մասով: 2016-ին արտահանողներին էր վերադարձվել գրեթե 50 մլրդ դրամ: Արդյունքում կարելի է նկատել, որ 2016-ի համեմատ բյուջեի եկամուտների աճը 2017-ին կազմել է 111 մլրդ դրամ»,-նշեց նախարարը:
Նա նշեց, որ Հարկեր/ՀՆԱ ցուցանիշը 0,4 տոկոսով աճ է արձանագրվել 2017 թվականին, ինչը պայմանավորված է հարկային վարչարարությամբ և նոր օրենսդրությամբ:
Vesti.am









