Foto

Երվանդ Բոզոյան. «Ղազախստանում ու Ղրղզստանում գաղտնի կերպով նոր պանթուրքիստական վերնախավ է ստեղծվում»

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի այցը Հայաստան այլ բնույթ ուներ, բայց, բնականաբար, այն դարձավ ղարբաղյան հակամարտության միջնորդական առաքելություն: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:

Անդրադառնալով քննադատություններին, թե ԵԱՏՄ երկրները՝ մասնավորապես Ղազախստանը, Ղրղզստանը մեզ «քցեցին» և չեն ուզում մեզ աջակցել ու ցանկանում են ԵԱՏՄ նիստը տեղափոխել Մոսկվա, քաղաքագետն ասել է, որ նրանց մեղադրելուց առաջ պետք է գիտակցել, որ այս երկու ժողովուրդներն էլ թուրքալեզու են և իրենց մտածելակերպով ավելի մոտ են Ադրբեջանին, քան մեզ.

-Այս երկրներում գաղտնի կերպով նոր պանթուրքիստական վերնախավ է ստեղծվում, որը մակերեսին չի երևում: Այդ երկրների գիտակցությունում Ադրբեջանն ընկալվում է՝ որպես եղբայրական երկիր,-ասել է քաղաքագետը՝ ընդգծելով, որ քանի որ իրենք վտանգ ունեն նաև հարավից՝ մահմեդական ֆունդամենտալիզմից, ունեն խիստ կախվածություն Ռուսաստանից, ուստի վախենում են Թուրքիային բացահայտ աջակցություն ցուցաբերել և փորձում են կոմպլիմենտար քաղաքականություն վարել:

Երվանդ Բոզոյանի խոսքով՝ հենց այդ վտանգից ելնելով էլ ստիպված ՀԱՊԿ անդամ են դարձել, որը սակայն, միասնական գաղափար չունի և ո՛չ Հայաստանն է պատրաստ Ղազախստանի համար կռվել, ո՛չ էլ Ղազախստանն է պատրաստ պաշտպանել Հայաստանին: Նա նշել է՝ այն փաստը, որ Ղազախստանն ու Ղրղզստանը այս հարցում որոշել են  չեզոքություն պահպանել, դժգոհություն է առաջացնում Թուրքիայի և Ադրբեջանի մոտ.

-Նրանք ասում են՝ մենք՝ համաթուրքական համերաշխության կոնցեպտի մեջ ենք, իսկ դուք չեք պաշտպանում մեզ: Մենք էլ դժգոհում ենք, որ ՀԱՊԿ անդամ են ու չեն պաշտպանում մեզ: Եթե հասարակական կարծիքը մեծանա, իշխանությունները, հնարավոր է, ստիպված պաշտպանեն Ադրբեջանին, կա նաև այդպիսի վտանգ,-ասել է բանախոսը՝ հավելելով, որ միգուցե իր ասածը շատերին դուր չգա և շատերը մտածում են, որ երկրի նախագահը պետք է հայհոյի Ղազախստանի, Ղրղզստանի նախագահներին, հերոս դառնա, բայց ինքն այն տեսակետին է, որ նման պահվածքն իր մեջ վտանգ է պարունակում:

Vesti.am