ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովը քննարկում է «Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
«Պետական տուրքի մասին օրենքն» ունի հստակ սահմանաված դրույքաչափեր, սակայն առաջանում են իրավիճակներ, երբ փոխադարձության սկզբունքի կիրառման հիման վրա պետք է ցուցաբերել ճկունություն որոշակի առանձին պետությունների քաղաքացիների համար, որպեսզի այդ հավասարությունը լինի: Այդ պատճառով առաջարկվում է, որպեսզի օրենքում կատարվի փոփոխություն՝ ներառելով լրացուցիչ հոդված, որտեղ ասվում՝ փոխադարձության հիման վրա օտարերկրյա պետությունների քաղաքացիների համար ՀՀ կառավարության կողմից օրենքով սահմանված դրույքաչափերի շրջանակում կարող են սահմանվել պետական տուրքի այլ դրույքաչափեր»,-ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
Փոխնախարարը նշեց, որ կարող են լինել իրավիճակներ, երբ, օրինակ, մեզ մոտ դրույքաչափն ավելի բարձր է, քան մյուս պետությունում է և մենք մեսիջներ ունենք, որ այդ պետությունները ևս կբարձրացնեն իրենց դրույքաչափերը, որը կազդի մեր քաղաքացիների վրա:
Հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանն էլ նկատեց, որ մինչև վերջերս գործում էր «Իրավական ակտերի մասին» օրենքը, որն ասում էր՝ բացառապես օրենքով է կարգավորում հարկերի, տուրքերի և այլ վճարների չափերը, վճարման կարգը և տեսակները:
«Ըստ էության, նշանակում է, որ այդ ֆունկցիան պետք է փոխանցել Կառավարությանը, որը «Իրավական ակտերի մասին» օրենքով դառնում է վիճահարույց: Մարտի 21-ին ընդունված «Իրավական ակտերի մասին» նոր օրենքում այդ կետը հանված է, սակայն լիազորությունները կառավարությանը փոխանցելը հստակ չի երևում»,-ասաց Հարությունյանը՝ առաջարկելով օրենքի հետևյալ ձևակերպումը՝ «Փոխադարձության հիման վրա օտարերկրյա պետությունների քաղաքացիների համար ՀՀ կառավարության կողմից կարող են սահմանվել պետական տուրքի՝ օրենքով սահմանված առավելագույն դրույքաչափը չգերազանցող այլ դրույքաչափեր»:
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման նպատակն է փոխադարձության հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կոնկրետ օտարերկրյա պետությունների քաղաքացիների համար դրույքաչափի սահմանման ճկունության իրավական ապահովումը։
Վերոնշյալ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության համար ՀՀ միջազգային հարաբերություններում փոխադարձության սկզբունքի կիրառման հնարավարությունն ապահովող իրավական գործիքակազմ նախատեսելու անհրաժեշտությամբ։
Առաջարկվող իրավական ակտը պարունակում է այնպիսի իրավական նորմ, որը կնախատեսի դրույքաչափերի համահավասարեցման հնարավորություն այլ պետության կողմից ՀՀ քաղաքացիների համար նախատեսված դրույքաչափի հետ՝ այդպիսով հնարավոր դարձնելով ապահովել փոխադարձության սկզբունքի կիրառումը:
Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախագծին:
Vesti.am









