ԵԱՏՄ երկրներից Հայաստան ներկրվող մեքենաների համար ԱԱՀ չգանձելու օրենքը ուժի մեջ է մտել երկու օր առաջ: Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանը:
Նրա խոսքով՝ օրենքն ընդունելը մի բան է, այն ուժի մեջ մտնելը` մեկ այլ, և քանի որ օրենքն ուժի մեջ է մտել երկու օր առաջ, մինչ այդ գանձումներ եղել են, իսկ այժմ նման բոլոր դեպքերը բացառված են:
Հարցին, թե ի՞նչ է փոխվել ՊԵԿ-ում Գագիկ Խաչատրյանի պաշտոնանկությունից հետո, արդյո՞ք այնտեղ կոռուպցիան նվազել է, քանի որ շատերի պնդմամբ Խաչատրյանը և նրա եղբորոդին համակարգը կոռումպացրել էին՝ Վախթանգ Միրումյանը պատասխանել է.
-Դուք գիտեք կոռուպցիան ինչ երևույթ է, եթե նման երևույթներ կան, ես չէ, որ պետք է զբաղվեմ,-ասել է նա:
Ինչ վերաբերում է Խաչատրյանի եղբորորդու՝ ՊԵԿ-ում պաշտոնավարելուն, Միրումյանն ասել է, թե տեղեկություն չունի, նա շարունակում է պաշտոնավարել, թե՝ ոչ: Հարցին, թե տեղեկություններ կան, որ ՊԵԿ-ում նոր նշանակումները Հովիկ Աբրահամյանի որդու և ՊԵԿ նորանշանակ նախագահի թույլտվությամբ են կատարվում՝ Միրումյանը պատասխանել է, թե ինքը նման տեղեկություն չունի, իսկ առհասարակ ՊԵԿ-ում պաշտոնները նշանակում է ՊԵԿ նախագահը:
ՊԵԿ փոխնախագահը մամուլից է ծանոթացել օֆշորային գոտում գրանցված ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանի ընկերությունից, սակայն չգիտի լուրերը հավաստի են, թե՝ ոչ: Նա նշել է, որ անձամբ չի փորձել ստուգել, քանի որ դրա լիազորությունները չունի.
-Եթե կա հրապարակում, բնականաբար ստուգվում է, հատկապես այն փաստը, թե դրա արդյունքում կան չվճարված հարկեր: Կարող է ընկերությունը օֆշորային գոտում ստեղծված լինել և հարկերը վճարվեն օրենսդրության սահմանված կարգով: Այնպես չէ, եթե կա օֆշորում գրանցված կազմակերպություն անպայման հարկեր չեն վճարում, խոսքն այստեղ գնում է՝ պարզել կա, թե չկա,-եզրափակել է Վախթանգ Միրումյանը:
Vesti.am