Foto

Շավարշ Քոչարյան. «Առանց ԼՂ-ի լիարժեք ներգրավման՝ ապագա բանակցային գործընթացն արդյունավետ չի լինի»

-Ադրբեջանի կողմից այդ աննախադեպ քայլը, որը բերեց այս իրավիճակին, բնական է, որ չի կարող չմտահոգել և համապատասխան, առնվազն քննարկումների թեմա չդառնալ»,-այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

ՀՀ փոխարտգործնախարարը հիշեցրել է, որ 2011-ին համանախագահ երկրների նախագահները՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան,  հայտարարություն են արել, որտեղ բառացի ասել են, որ ժամանակին ուժի կիրառումն էր, որ բերեց ներկայիս իրավիճակին և նոր ուժի կիրառումը կբերի նոր տառապանքներ և ավերածություններ, ինչը կդատապարտվի միջազգային հանրության կողմից:

Շավարշ Քոչարյանն ասել է, որ այն, ինչ օրերս տեղի ունեցավ նոր ուժի կիրառում է, հիմա հայկական կողմերը պետք է աշխատեն և հասնեն նրան, որ համապատասխան արձագանք լինի.

-Հարցադրումը շատ հստակ է հնչելու՝ առանց ԼՂ լիարժեք ներգրավման ապագա բանակցային գործընթացը արդյունավետ չի լինի,-ասել է նա՝ հավելելով, որ եթե խոսք կարող է լինել բանակցային գործընթացի մասին, նախևառաջ պետք է կրակի դադարեցման ռեժիմը հստակ գործի, իսկ նախորդ փորձը ցույց է տվել, որ դրա համար կիրառվող միջոցները բավարար չեն:

Անդրադառնալով միջազգային արձագանքին, Շավարշ Քոչարյանն ասել է, որ Հայաստանի համար ցանկալի կլիներ, որ այն ավելի հասցեագրված և հստակ լիներ:

-Կան մամուլի հրապարակումներ, որտեղ հստակ դատապարտվում է Ադրբեջանը, իսկ պաշտոնյաների կողմից, ցավոք, այդ հստակությունը չկա: Դա մտահոգիչ է և այդ ուղղությամբ էլ պետք է աշխատենք, որովհետև առ այսօր այն հանգամանքը, որ այդ բոլոր հայտարարությունները  հասցեագրված չեն եղել, Ադրբեջանը դա ընկալել է որպես քարտ բլանշ՝ այս վերջին իրադարձություններն իրականացնելու համար,-եզրափակել է Շավարշ Քոչարյանը:

Vesti.am