«Միջազգային և անվտանգության հարցերի ինստիտուտում» այսօր հրավիրված «Ղարաբաղյան թեժացում, հետևություններ և անելիքներ» թեմայով կլոր սեղան-քննարկման ժամանակ քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանն ասել է, որ անթույլատրելի է 1994 թվականին կնքված զինադադարի պայմանագրից զատ նոր պայմանագիր կնքելը, քանի որ 1994-ի պայմանագրով Ադրբեջանը խնդիրներ ունի:
Նրա խոսքով՝ 1994 թվականի պայմանագիրն Ադրբեջանին թույլ չտվեց, որ ագրեսիա սանձազերծի: Նա նշել է, որ Հայաստանը պետք է բարձրացնի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ներկայացված միջոցառումները՝ շփման գծում վստահության, հետաքննության մեխանիզմներ կիրառելու հարցը.
-Հայաստանը պետք է պահանջի, որ ընդունվեն այս մեխանիզմները, որոնցից Ադրբեջանը հրաժարվել է ՌԴ-ի դրդմամբ: Հիմա ռուսները կարողացան քարը գցել փոսը, բայց չեն կարողանում հանել, քանի որ պատերազմն անվերահսկելի է և սրա համար Լավրովը ոտք ու ձեռք ընկավ,-ասել է Մեհրաբյանը՝ հավելելով, որ Հայաստանը մեծ անելիքներ ունի դիվանգիտական դաշտում։
Ըստ Մեհրաբյանի՝ ԼՂՀ խնդիրը հնարավոր չէ լուծել առանց Ղարաբաղի. հնարավոր չէ մեկին ամուսնացնել առանց նրա ներկայության.
-Այն, ինչ այսօր ունենք, մեր հայ քաջ զինվորի արժանիքն է, իսկ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պետք է ներողություն խնդրի և հեռանա կամ հեռացվի: Մեզ դիվանագիտական հարթակում այլ աշխատանք է հարկավոր: Արտաքին քաղաքականության համար որոշակի պատուհան է բացվել և պետք է այդ հնարավորությունների պատուհանները դառնան իրականացված հնարավորություններ: Հայ զինվորը ապտակեց մեր դիվանագիտությանը,-ասել է նա՝ շեշտելով, որ այդ չորս օրերի ընթաքում Ադրբեջանը որևէ բան չի ստացել, որևէ արդյունքի չի հասել, իսկ Ադրբեջանի ագրեսիան պայմանավորված էր ստատուս քվոն փոխելու ցանկությամբ, որը, սակայն, նրան չհաջողվեց:
Vesti.am