ԼՂ հակամարտության կարգավորման հարցով համաձայնագրերը գրեթե պատրաստ են, դրանք արդեն բանակցային սեղանի վրա են: Այս մասին Բաքվում Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ հաղորդել է «ТАСС»-ը:
«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այդ խնդրին հատուկ ուշադրություն է հատկացնում, մենք մշտապես հանդիպում ենք նախարարների մակարդակով»,-ասել է Լավրովը:
Ինչպես նաև Ռուսաստանը, Իրանն ու Ադրբեջանը հանդիպման ժամանակ պայմանավորվածություն են ձեռք բերել Կասպից ծովի արևմտյան ափին տրանսպորտային միջանցքի նախագծի վերաբերյալ: Այս մասին էլ տեղեկացրել է «RIA Novosti»-ն:
«Մենք քննարկել ենք հարցեր, որոնք առնչվում են համագործակցության նյութական ոլորտին: Պայմանավորվել ենք, որ մեր համապատասխան գերատեսչություններն սկսեն Կասպից ծովի արևմտյան ափին տրանսպորտային միջանցքի նախագծի իրականացման առարկայական կողմերի մշակում: Դա ենթադրում է աշխատանք տրանսպորտի նախարարությունների մասնակցությամբ, որոնք պետք է քննարկեն այդ նախագծի տեխնիկական, ֆինանսական չափորոշիչները: Դա ենթադրում է նաև մաքսային, խորհրդատվական ծառայությունների ներգրավում: Այդ մասին մենք այսօր պայմանավորվածություն ենք ձեռք բերել»,-նշել է Լավրովը:
Vesti.am