Foto

Հայկ Խանումյան. «Արցախը պարտավոր չէ Մոսկվայում ձեռք բերված համաձայնությունը կատարել»

Մոսկվայում ձեռք բերված կրակի դադարեցման համաձայնությանը Արցախը չի մասնակցել և պաշտպանության բանակը պարտավոր չէ այդ  համաձայնությունը կատարել:  Այս մասին ապրիլի 7-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ  Հայկ Խանումյանը:  

-Միևնույն ժամանակ պետք է նշեմ, որ համաձայնության ձեռքբերումից հետո ապրիլի 5-ից՝ ժամը 12-ից հետո, լարվածությունն զգալի թուլացել է, սակայն կողմերը կատարում են վերադիրքավորումներ, տեղի  է ունենում մշտական հրետակոծություն՝ տարբեր ուղղություններով,-ասել է ԼՂ ներկայացուցիչը:

Խանումյանն ընդգծել է, որ դիրքային առավելությունների հասնելու փորձեր են կատարվում, հետևաբար լայնածավալ լարվածությունը վերացել է այն առումով, որ քաղաքացիական բնակավայրերը չեն  հրետակոծվում ու չկա այն ինտենսիվությունը, որ կար ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածում:

-1994-ից հետո մի  քանի տասնյակ նման համաձայնություններ են ձեռք բերվել, որոնք մի քանի ժամերի ընթացքում ակնհայտորեն խախտվել են և պետք է նշել, որ համաձայնություն կոչվածն արդեն իսկ չի աշխատում, քանի որ մեծ ինտենսիվությամբ խախտվում է, չնայած ապրիլի 1-5-ն ընկած ինտենսիվությունը չէ,-ասել է պատգամավորն՝ ընդգծելով, որ տեղի են ունենում դիվերսիոն ներթափանցման փորձեր, հարձակումներ դիրքերի վրա, հրետակոծություններ, արկակոծություններ և այլն:

Անդրադառնալով  Ադրբեջանի կողմից արցախյան Թալիշը, Սեյսուլանը և մյուս բնակավայրերը գրավելու հայտարարությանը՝ Խանումյանը նշել է, որ դա իրատեսական չէ:

-Չեմ հասկանում Սեյսուլանն ընդհանրապես որտեղից են բերել-մտցրել լրահոս, քանի որ այնտեղ որևէ բան չի փոխվել ընդհանրապես: Ինչ վերաբերում է Թալիշին, ապա սկզբում այնտեղ կորցվել են դիրքեր, նույնիսկ որոշ խմբերի հաջողվել է մի քանի տուն մտնել, բայց գյուղն այս ընթացքում ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ չի եղել: Այժմ  Թալիշի դիրքերը նույնպես մեծամասամբ հետ են վերցված և թշնամին հետ է շպրտված,- հավելել է նա:

Սեյսուլանի մասին լուրերը շրջանառության մեջ դնելը Խանումյանը տարօրինակ է համարում: Ըստ նրա՝ հավանաբար Ադրբեջանը փորձում է խորհրդանշական հաղթանակի մի քառակուսի վերցնելու թեզը զարգացնել:

Vesti.am