Foto

Դմիտրի Մեդվեդևն ապրիլի 7-8-ը կլինի Հայաստանում

Համաձայն  Ռուսաստանի Դաշնության կառավարության պաշտոնական կայքի, Ռուսաստանի  կառավարության ղեկավարը լուրջ մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրման առնչությամբ:

Մեդվեդևն ընդգծել է հրադադարի ռեժիմի պահպանման խիստ անհրաժեշտությունը և քաղաքական կարգավորման գործընթացի հնարավորինս արագ վերսկսման կարևորությունը: ՌԴ վարչապետը հաստատել է, որ, ըստ նախնական պայմանավորվածության, 2016-ի ապրիլի 7-8-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում:

«Հայաստանի ղեկավարության հետ բանակցությունների ընթացքում ծրագրվում է քննարկել երկկողմ օրակարգին առնչվող մի շարք հարցեր, այդ թվում տնտեսության, էներգետիկայի, արդյունաբերության, տրանսպորտային ենթակառուցվածքների և այլ ոլորտներում համագործակցությունը: Այցի ավարտին` 2016-ի ապրիլի 8-ին, Դմիտրի Մեդվեդևը կայցելի Ադրբեջան»,-նշված է ՌԴ կառավարության հաղորդագրության մեջ:

Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Եվրասիական տնտեսական միությունում նախագահող Ղազախստանի առաջարկը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը հաջորդ շաբաթ Մոսկվայում անցկացնելու մասին առաջարկը:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ապրիլի 6-ին մեկնել է Բաքու, որտեղ կմասնակցի Իրանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Մոհամադ Ջավադ Զարիֆի և Էլմար Մամեդյարովի հետ եռակողմ հանդիպմանը: Ինչպես փոխանցում է «РИА Новости» գործակալությունը բանակցությունների գլխավոր թեման Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցն է: Ուշադրության կենտրոնում կլինեն նաև տարածաշրջանային համագործակցության հարցերը:
Բաքվում է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Նա  Twitter-ի իր էջում գրել էր, որ առավոտյան մեկնում է Բաքու՝ շեշտելով Լեռնային Ղարաբաղում անհապաղ հրադադարի և բանակցությունների վերականգնման անհրաժեշտությունը: «Մենք պետք է անհապաղ հրադադարի ռեժիմ հաստատենք և բանակցություններ սկսենք համապարփակ լուծում գտնելու համար: Առավոտյան մեկնում եմ Բաքու՝ հանդիպումներ անցկացնելու համար»,- գրել է համանախագահը:
Vesti.am