Foto

Եվրոպայում աստիճանաբար մեծանում է այն ընկալումը, որ Թուրքիան Արևմուտքի դաշնակիցը չէ. Արա Պապյան. Tert.am

Թուրքիայի հավակնությունները, լինի դա Սիրիայի, Իրաքի, Հարավային Կովկասի թե մեկ այլ երկրի նկատմամբ, նոր մարտահրավերներ են բերում Անկարայի համար, նրանք գնալով ավելի ծանր կացության մեջ են հայտնվում: Tert.am–ի հետ զրույցում «Մոդուս Վիվենդի» կենտրոնի հիմնադիր Արա Պապյանը: Նա նշեց, որ որքան էլ Ռուսաստանի հետ Թուրքիան մերձենա, ՌԴ-ն Թուրքիայի համար չի կարող փոխարինող դառնալ: Պապյանն ասաց, որ եթե Արևմուտքը գա այն եզրակացության, որ Թուրքիան թշնամու բարեկամ է, հետևաբար թշնամի է, իր կանխատեսումները կիրականան: Իսկ Թուրքիա նկատմամբ Արևմուտքում աստիճանաբար մեծանում է այն ընկալումը, որ Թուրքիան Արևմուտքի դաշնակիցը չէ:

- Ֆեյսբուքում գրառում էիք արել, որ մինչ Ռուսաստանը մերժեց Մեծամորի ատոմակայանի համար փող տալ «պատրաստվում են թուրքական Աքքույու» ատոմային էլեկտրակայանի համար 20 միլիարդ հատկացնել:

Մի քիչ ավելի կբացե՞ք փակագծերը: Ինչո՞ւ է ֆինանսական խնդիրներ ունեցող Ռուսաստանն այսքան շռայլ:

- Շարժառիթը քաղաքական է, ոչ միայն տնտեսական, այսինքն՝ Ռուսաստանն այս ձևով ուզում է իր ազդեցությունն ուժեղացնել Թուրքիայի վրա և Թուրքիայի միջոցով, ինչպես 20-ականներին էր անում՝ սուննի իսլամական աշխարհի վրա: Հաշվի առնելով, որ ներկայիս Թուրքիան հավակնություններ ունի վերականգնելու օսմանիզմի գաղափարը՝ դառնալով սուննի աշխարհի առաջնորդը: Եվ , բնականաբար, Ռուսաստանը նման տնտեսական զիջումների պիտի գնար:

Եվ Ս-400-ների վաճառքը պետք է դիտել այս նույն փաթեթի մեջ և ոչ այնքան դրանց վաճառքը, որքան դրանց արտադրության տեխնոլոգիաների փոխանցումը թուրքական կողմին։ Այսինքն` այն, ինչ սկզբում Թուրքիան պնդում էր, Ռուսաստանը համաձայն չէր: Երկու միասնություններ, ինչպես հայտնի երգում է ասվում, գտան իրար: Թուրքիան և Ռուսաստանը աշխարհի մեկուսացված երկրներից են, այդ մեկուսացումը օր օրի խորանում է և բնականաբար իրենց շահերը համընկնում են: Մեզ՝ հայերիս համար, սա շատ վտանգավոր է:

- Ռուս-թուրքական մերձեցմանը, կարծես, միանում է Իրանը: Սրանք մասին ի՞նչ կարող եք ասել:

- Պիտի ասեմ, որ Իրանի մասնակցությունը նման ծրագրերում նորություն չէ: Նախկինում դրանք տնտեսական բնույթի էին: Օրինակ` ՌԴ-Ադրբեջան-Իրան երկաթգիծը, որը տարիներ ի վեր կառուցվում էր, այս տարի շահագործման պիտի հանձնվի: Ինչո՞ւ Իրանը միացավ: Իրանն, ըստ էության, այլընտրանք չունի, որովհետև ԱՄՆ-ում փոխվեց քաղաքականություն, առանցքային պաշտոնների նշանակվեցին նրանք, ովքեր հակաիրանական հստակ գիծ են վարում: Առաջիկայում, եթե ոչ այս տարի, Արևմուտքի հիմնական թիրախը դառնալու է Իրանը, որը փորձում է իրենց ինչ-որ կերպ ապահովել: Չմոռանանք նաև, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգը բացահայտ հայտարարեց, որ Իրանի առաջնորդը շատ ավելի վատն է, քան՝ Հիտլերը և աշխարհի ամենավատ համակարգը Իրանում է: Իրենք փորձում են սուննի ու շիա հակադրությանը բերել ամերիկյան երանգավորում: Հայաստանի համար սա վատ զարգացում է: Ցավոք, մենք չենք իրականացրել այլընտրանքային հնարավորությունների ստեղծման քաղաքականություն: Մենք տեսնում ենք, որ այն երկրների վրա, որոնց վրա հույս էինք դնում՝ Իրան, Ռուսաստան, մերձենում են Թուրքիայի հետ ու մենք այլընտրանք չունենք: Որքանով կկարողանանք արագ շտկել վիճակը, լուրջ կասկածներ ունեմ, որովհետև նման ցանկություն ու կարողություն էլ չեմ տեսնում մեր իշխանության մեջ:

- Ժամանակին նշել էիք, որ Թուրքիան փորձում է վերականգնել իր նախկին դիրքերը և դրա արդյունքում կամ կփլուզվի կամ ոչ: Հիմա, երբ պաշտոնական Անկարան Սիրայի հարցում որոշակի պայմանավորվածություններ է ձեռքբերել, արդյոք սա չի՞ վկայում Ձեր կանխատեսման հակառակն է տեղի ունենում:

- Ոչ, այն, ինչ կատարվում է գնում է դեպի իմ կանխատեսում: Երբ երկիրը փորձում է շատ ավելին իրականացնել, քան կարող է, ճողվածք է ստանում: Թուրքիայի հավակնությունները, լինի դա Սիրիայի, Իրաքի, Հարավային Կովկասի թե մեկ այլ երկրի նկատմամբ, նոր մարտահրավերներ են բերում Անկարայի համար, նրանք գնալով ավելի ծանր կացության մեջ են հայտնվում: Որքան էլ Ռուսաստանի հետ Թուրքիան մերձենա, ՌԴ-ն Թուրքիայի համար չի կարող փոխարինող դառնալ: Եթե Արևմուտքը գա այն եզրակացության, ,որ Թուրքիան թշնամու բարեկամ է, հետևաբար թշնամի է, իմ կանխատեսումները կիրականան: Աստիճանաբար մեծանում է այն ընկալումը, որ Թուրքիան Արևմուտքի դաշնակիցը չէ: Թուրքիան կրկնում է այն սխալները, ինչ ԽՍՀՄ-ը, որը մտավ մեծ խաղի մեջ, բայց տակից դուրս չեկավ: Չեմ կարծում, որ Թուրքիայի ռեսուրսները կբավարարեն տակից դուրս գալու: Ռուսաստանի համար էլ Խորհրդային միության ճակատագիրն է սպասվում:

Մանրամասները՝ Tert.am-ում: