2016 թվականի ապրիլի 2-ի առավոտյան Արցախի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ Ադրբեջանը ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերի և մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին: Արցախի ՊԲ մամուլի ծառայությունն ավելի ուշ հաղորդեց, որ ապրիլի 2-ին 08:30-ի սահմանում ադրբեջանական զինուժի՝ «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով հայկական գյուղերի հրետակոծությունից Մարտունիի պաշտպանական շրջանի ուղղությամբ զոհվել է մեկ երեխա՝ Վաղինակ Գրիգորյանը (ծնված՝ 2004 թվ.), ևս երկու երեխա ծանր վիրավորում ստացել: Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները շարունակվեցին ևս 3 օր...
Ապրիլյան քառօրյա պատերազմի երկրորդ տարելիցին «Եռաբլուր» պանթեոնում իրենց հարգանքի տուրքն էին մատուցում զոհվածների հարազատները, ընկերները, քառօրյա պատերազմում վիրավորում ստացածները, մարտական ընկերները:
«Եթե չլինեին Ուրֆանյանն ու նրա նմանները, հիմա Մարտակերտ քաղաքը հակառակորդի ձեռքում կլիներ: Բոլորս հարգում ենք Ուրֆանյանին, երախտապարտ ենք նրան: Կյանքը զոհեց հանուն հայրենիքի, հանուն Հայաստանի պաշտպանության», - «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում հիշելով Արմենակ Ուրֆանյանին, նման գնահատական տվեց Ուրֆանյանի մարտական ընկերը՝ Մանուկ Պողոսյանը:
Կապիտան Ուրֆանյանի մայրը՝ տիկին Համեստը ուզում է, որ թոռնիկը լրացնի որդու բացը, բայց չի լրացնում:
«2 տարի առանց Արմենակի, բարդ է: Առանց Արմենակի չեմ պատկերացնում. ինքը չկա, թվում է՝ ուղղակի Ղարաբաղում է, չի կարողանում գալ»,- ասաց նա:
Մանրամասները տեսանյութում՝
https://www.youtube.com/watch?v=_8GFSb5BTS0&feature=youtu.be
Մարիամ Հովհաննիսյան Լուսանկարները՝ Աստղիկ Հովհաննիսյանի Vesti.am
Ապրիլյան քառօրյա պատերազմում հայկական կողմն ունեցավ 110 զոհ և 121 վիրավոր: Ադրբեջանական կողմի կորուստների հստակ թիվը մինչ օրս հայտնի չէ: Միջազգային հանրությունը խստորեն և հիմնականում անհասցե դատապարտեց շփման գծի երկայնքով սկսված լայնամասշտաբ ռազմական գործողությունները: