Foto

«Ելքի» ճակատագիրը հայտնի է. Փաշինյանը գնում է փողոց

Ինչպես հայտնի է, դեռ խորհրդարանական ընտրություններից առաջ էր խոսվում այն մասին, որ ապագայի Հայաստանում համախմբված, համախոհ ընդդիմության կարիք չի լինելու, ու դիցուք Նիկոլ Փաշինյան-Էդմոն Մարուքյան տանդեմը, որը, ինչպես հայտնի է, այժմ կազմում է ԱԺ «արմատական» ընդդիմության կորիզը, մատի մեկ շարժումով փլուզվելու է. երբեմնի զինակիցները կարող են նույնիսկ վերածվել իսկական քաղաքական ախոյանների:

Միգուցե այն ժամանակ նման խոսակցությունները կարող էին  և սովորական ֆանտազիա թվալ, սակայն այժմ արդեն կարելի է հաստատապես պնդել, որ համապատասխան գործընթացի սկիզբը, իսկապես, տրված է:

Այս իմաստով բավական ուշագրավ հայտարարություններով է հանդես եկել նույն ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, որին, ինչպես հայտնի է, ապագա գործընթացներում վերապահված է շատ մեծ դեր: Մարտի 26-ին «Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոնի»՝ «Հոդված 3» ակումբում կազմակերպած հանդիպմանը նա չափազանց ուշագրավ հայտարարություններով է հանդես եկել՝ ըստ էության՝ բացահայտելով սեփական քաղաքական ապագայի վերաբերյալ  ինչ-ինչ գաղտնիքներ, ինչպես նաև ակնարկել «Ելքի» ներսում գոյություն ունեցող ու ժամանակի ընթացքում միմիայն է՛լ ավելի արտահայտիչ դարձող տարաձայնությունների մասին: Մասնավորապես՝ Փաշինյանը, հավաքվածներին հիշեցնելով սեփական անցյալը,  կոչ է արել. «Ես ՀՀ քաղաքացիներին հրավիրում եմ ճշմարտությունն ասելու իրավունքը նվաճել: Հրավիրում եմ սեփական օրինակով ճշմարտությունը բարձրաձայնելու իրավունքը նվաճել: Ես երաշխավորում եմ՝ նվաճած իրավունքը ոչ ոք չի կարող հետ ստանալ»,-միաժամանակ հաստատելով, որ իր կողմից ներկայացվող քաղաքական միավորի ներսում, իսկապես, տարաձայնություններ կան պայքարի մեթոդաբանության հարցում: Ավելին՝ արձագանքելով Շարմազանովի՝ օրերս  կատարած համապատասխան հայտարարությանը, ուր խոսք էր եղել Փաշինյանի  համակարգային  ընդդիմություն լինելու-չլինելու կամ փողոցային ընդդիմադիր հանդիսանալու-չհանդիսանալու մասին, Փաշինյանն ընդամենը տարակուսել է, թե ինչպես է Շարմազանովը համարձակվել իր հետ «դու»-ով խոսել՝ ըստ էության անպատասխան թողնելով հարցը, թե ինչպես է գնահատում ԱԺ փոխխոսնակի խոսքերը՝ իր հասցեին: Սրան գումարած՝ Փաշինյանը  նաև ակումբում հավաքվածների ներկայությամբ հայտարարել է, թե ԱԺ վերջին ընտրությունները եղել են ապօրինի ու չեն արտահայտում ժողովրդի իրական դիրքորոշումը:

Գաղտնիք չէ, որ «Ելքի» քայքայման մասին խոսակցությունները ներկայում բավական ակտիվացել են. այժմ քչերն են կասկածում, որ իշխանությունների առաջիկա պլանների ծրագրերից մեկն էլ Նիկոլ Փաշինյանին պատկերավոր ասած՝ Էդմոն Մարուքյանից բաժանելն է լիելու, ինչի համար առիթ կարող են ծառայել երկու գործիչների հայացքների միջև առկա տարբերությունները. Մարուքյանը, ի տարբերություն իր գործընկերոջ, հանդես է գալիս պասիվ պայքարի դիրքերից՝ վստահ լինելով, որ շանսն այլևս կորսված է: Ակնհայտ է, որ միայն Փաշինյանի վերջին հայտարարությունները բավական են՝ համոզվելու համար, որ նմանատիպ ծրագրեր իշխանություններն իսկապես ունեն, ու Նիկոլ Փաշինյանի հիմնական քաղաքական առաքելությունն այժմ կայանալու է որպես «Քաղաքացիական պայմանագրի» գլխավոր դեմք հանդես գալ «Ելքից» զատ, ինչպես նաև փողոց դուրս գալ: Փաշինյանին գործուղում են փողոց, Էդմոն Մարուքյանին թողնում ԱԺ պատերից ներս: Սրանում այլևս կասկած չկա: Այլ հարց է, թե ինչու են իշխանություններն այդպես վարվում: Ենթադրել կարելի է հետևյալը. համապատասխան շրջանակներն իրենց առաջ խնդիր են դրել իսկապես վարկաբեկել «ընդդիմություն» ասվածը Հայաստանում: Ընդդիմություն, որպես այդպիսին, կլինի, սակայն հարց է, թե ինչ տեսքով: Բոլորս ենք հիշում, թե ինչ էր կատարվում ԱԺ ընտրություններից անմիջապես հետո նույն «Ծառուկյան» դաշինքում և թե ինչ ավարտ ունեցավ այդ տհաճ իրավիճակը: Հիմա փորձելու են նմանատիպ սցենար բանեցնել «Ելքի» պարագայում՝ այս անգամ, սակայն, մի փոքր այլ  բեմականացմամբ: Իսկ «Ելքի» համար, պետք է նկատել՝ իրավիճակն իսկապես ճգնաժամային է. եթե Փաշինյանը գնում է փողոց ու հնչեցնում արմատական կոչեր, ապա հարց է առաջանալու՝ ի՞նչ է, մի քանի ամիս առաջ տեղյակ չէ՞ր այդ բոլոր վատ-վատ բաների մասին, ինչո՞ւ է հենց հիմա գլուխը տաքացրել, ինչու չհրաժարվեց մանդատից: Եթե գնում է փողոց՝ չափավոր դիրքերից հանդես գալու, ապա ակնհայտ է, որ այս պարագայում նույնպես հայտնվում է ռիսկի տակ. չափավոր դիրքերից հանդես եկող ընդդիմության պակաս այժմ չի զգացվում, ու անհասկանալի է մնալու, թե նմանատիպ կեցվածքով ինչի է փորձելու հասնել Փաշինյանը: Այսինքն՝ կրկին պատային իրավիճակում է հայտնվում: Չնայած հնարավոր է, որ Փաշինյանին փողոց գործուղելու մեկ այլ նպատակ էլ հանդիսանա նրանով մյուսներին փոխարինելը, արտախորհրդարանական ընդդիմության տեսքը փոխելն ու որոշ արմատականներին արմատախիլ անելը: Փաշինյանն այժմ ունի վարկանիշ, ինչը կարող է ծառայեցվել նույն իշխանությունների կողմից՝ ինչ-որ իմաստով անվերահսկելի, արմատական ընդդիմությանը քաղաքականապես ոչնչացնելու համար: Սա ևս հնարավոր տարբերակ է:

Ինչ վերաբերում է Էդմոն Մարուքյանին, ապա նա, ամենայն հավանականությամբ, կդառնա ԱԺ «արմատական» ընդդիմության միակ առաջնորդը. նա բացարձակապես ոչնչով չի կարող վտանգավոր լինել իշխանությունների համար հենց միայն այն պատճառով, որ ժողովրդի շրջանում չի ընկալվում իշխանութւուններին մարտահրավեր նետող մեկը, իր վարկանշով էապես զիջում է Նիկոլ Փաշինյանին, ով չնայած պոպուլիստական գործիչ է, սակայն որպես պոպուլիստ իր կայուն տեղն ունի ժողովրդի առնվազն մի հատվածի սրտերում: Կարճ ասած՝ իշխանությունները փորձում են ընդդիմադիր դաշտը լիովին լիկվիդացնել՝ չհանդուրժելով նույնիսկ այն, ինչ այժմ կա: Խնդիրն, ամենայն հավանականությամբ, ավելի շատ սեփական անփոխարինելության մասին պնդումները հիմնավորելն է լինելու, ապացուցելը, որ այլընտրանք ՀՀԿ-ին ուղղակի չկա. մյուսները կա՛մ պատեհապաշտներ են, կա՛մ թուլակամներ, կա՛մ էլ  ուղղակի անիմաստ դեմքեր:

Ամեն բան՝ ըստ ծրագրվածի է ընթանում:

Էռնեստ Ջանփոլադյան