Foto

ՌՀՄ փոխնախագահ. «Ղարաբաղյան խնդիրը պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով»

«Ղարաբաղյան խնդիրը պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով»,-ասել է Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Լուսիկ Ղուկասյանը:

«Ափսոս, որ ԱՄՆ-ում  հանդիպումներից և Էրդողանի դրդմամբ թևավորված՝ Իլհամ Ալիևը ներքաշում է իր երկիրը պատերազմի մեջ: Դա անպատասխանատու քայլ է և հղի է անուղղելի հետևանքներով առաջին հերթին հենց Ադրբեջանի համար»,-նշել է Ռուսաստանի հայերի միության ներկայացուցիչը:

Նրա խոսքերով՝ Ստեփանակերտում կյանքը ընթանում է բավականին խաղաղ կերպով, սակայն շփման գծում շարունակվում են բախումները:

«Կամավորականներն ակտիվորեն մասնակցում են հավաքագրման գործընթացին: Սա վկայում է այն մասին, որ Ստեփանակերտը պատրաստ է հակահարված հասցնել Ադրբեջանի կողմից ցուցաբերած ցանկացած ագրեսիայի: Պաշտոնական տվյալներով՝ իրավիճակը վերահսկվում է բացառապես  ԼՂՀ ՊԲ-ի կողմից»,-պատմել է Ղուկասյանը:

Նա հաղորդել է, որ ս.թ. ապրիլի 2-ին Ռուսաստանի հայերի միությունը հայտարարություն է արել Ղարաբաղի շփման գծում կատարվածի կապակցությամբ, որտեղ կոչ կա նաև ադրբեջանական հասարակության ներկայացուցիչներին:

«Մենք խնդրում ենք  Ադրբեջանի հասարակությանն իրենց  ձայնը դարձնել հասանելի և ձևավորել իրենց քաղաքացիական դիրքորոշումը, քանի որ պաշտոնական Բաքուն իր ռեժիմը երկարացնելու նպատակով պատրաստ է զոհաբերել հարյուրավոր մարդկանց կյանքեր, այդ թվում նաև խաղաղ բնակիչների»,-պարզաբանել է Լուսիկ Ղուկասյանը:

«Կուզենայի ուշադրություն դարձնել Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլու ագրեսիվության տեսանկյունից դիվանագետի համար աննախադեպ հայտարարությանը: Նա կոչ է անում ցանկացած միջոցներով վերադարձնել Լեռնային Ղարաբաղը, այդ թվում և՝ ռազմական: Եթե մշակութային գործիչ դիվանագետն նման գաղափար է արտահայտում, ապա ի՞նչ կարող ենք պահանջել ադրբեջանական զինվորներից, ովքեր լուսանկարվում են հայ զինվորների կտրած գլուխներով: Ակնհայտ է, զարգացումը Ադրբեջանում, ինչը ընթանում է Թուրքիայի ակտիվ աջակցությամբ, կատարվում է «ԻԼԻՊ»-ի ոճով: Դա շատ վտանգավոր է»,-ասել է Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Լուսիկ Ղուկասյանը:

Ավելի վաղ ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի անդամ Ռոման Խուդյակովը ասել էր, որ Ադրբեջանի և Հայաստանի նախագահները պետք է բանակցություններ վարեն:

«Նրանք մեր եղբայր պետություններն են, և մենք երկուսին էլ  սիրում ենք»,- նշել է նա:  Ըստ պատգամավորի՝ սարսափելի է, երբ 21-րդ դարում 2 սքանչելի բարի ժողովուրդ չեն կարողանում ընդհանուր լեզու գտնել, և արդյունքում արյուն է թափվում:

«Ես վստահ եմ, որ մեր նախագահը չի մնա դիտորդի դերում, և Ռուսաստանը լայնածավալ մասնակցություն կցուցաբերի 2 կողմերին հաշտեցնելու  և արյունալի մարտերից խուսափելու համար»,-ընդգծել է Խուդյակովը: Նա հավելել է, որ 2 երկրների միջև հակամարտությունը ծագել է ոչ թե երեկ կամ այսօր, այլ շատ ավելի վաղ:

Vesti.am