Foto

Թոշակները կտրելու են

Արդեն մի քանի տարի է, ինչ Հայաստանում վճարվող թոշակների ու աշխատավարձերի մասով դրական տեղաշարժեր չեն նկատվում. դրանք այդպես էլ չեն բարձրացվում՝ չնայած պետք է նկատել, որ Կառավարությունից  տարբեր մակարդակներով այս ընթացքում հայտարարություններ հնչել են, թե պետությունը մտածում է առնվազն թոշակների բարձարցման ուղղությամբ ու կանի ամեն ինչ՝ քաղաքացիներին հուսախաբ չանելու համար: Նույն Վարդան Արամյանն էր նախկինում ի լուր բոլորի հանդես եկել հայտարարությամբ, թե իրենց առջև հստակ ծրագիր են դրել՝ 2018-ին բազիսային աշխատավարձն ու կենսաթոշակները բարձրացնելու համար: Սակայն ինչպես ապացուցում է ներկան, որևիցե նման բան տեղի չունեցավ, ավելին՝ դեռ պարզ էլ չէ, թե երբ բարձրացում կլինի կամ առհասարակ կլինի՞, թե՞ ոչ:

Եվ ահա այս տխուր պատկերի ֆոնին հայտնի է դարձել, որ ԱՊՀ անդամ երկրներից թոշակ ստացող ՀՀ քաղաքացիները զրկվելու են ՀՀ-ից ստանալիք թոշակից։ Թե որն է նման որոշման պատճառը, ակնհայտ է. Հայաստանի Հանրապետությունը փորձում է ամեն գնով թոթափել ֆինանսական այն անիմաստ լուծը, որը հետևանք է դարձել չդադարող արտագաղթի: Պաշտոնապես մի կողմից արձանագրվում է բնակչության քանակի նվազում, իսկ մյուս կողմից՝ ավելանում է այլ պետությունների քաղաքացիություն ստացող ՀՀ քաղաքացիների թիվը։ Հիմա որոշել են ազատվել հավելյալ ֆինանսական բեռից, ու արտագաղթը ծառայեցնել պետբյուջեի շահերին՝ հրաժարվելով  այլ երկրների հպատակության ներքո գտնվող համաքաղաքացիներին ֆինանսապես օժանդակելուց, ինչը, թերևս, մի կողմից պետք է համարել ժլատության յուրատեսակ դրսևորում, մյուս կողմից էլ՝ միգուցե ռացիոնալ քայլ՝ հաշվի առնելով այն սուղ վիճակը, որ ստեղծվել է այժմ երկրում. տեղացիներին կերակրելու խնդիրը չեն կարողանում լուծել, ուր մնաց թե ասենք Բելառուսում ապրողների կենցաղային պայմանների մասին հոգ տանեն…

Թե ինչ ճակատագիր կարող է սպասվել ազատ մնացող միջոցներին, թերևս, դժվար է ասել, սակայն գրեթե անվիճելի է, որ դրանք այս անգամ էլ չեն ուղղվելու սոցիալական ոլորտ. ազատ մնացած միջոցներն այնքան չեն, որ կարողանան էական ազդեցություն ունենալ ասենք թոշակների բարձրացման վրա, հետևաբար դրանք ուղղորդել է պետք այն ոլորտներ, ուր կարող են այդ ֆինանսական միջոցները եղանակ ստեղծել: Համոզիչ չի՞ հնչում, ի՞նչ արած, համակերպվել է պետք. ճար չկա:

Հրանտ Դալլաքյան

Vesti.am