Foto

«Ժխտման ճարտարապետները» ֆիլմի ստեղծողները չեն վախենում Թուրքիայի և Ադրբեջանի սև ցուցակներում հայտնվել

«Եթե մի մարդ, ով 22 տարի եղել է բանակում, իրեն համարում է ռազմական պատմաբան ու տեղյակ չէ Հայոց ցեղասպանության մասին, բնական է, որ շատ-շատերը չգիտեն»,– Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ժխտման ճարտարապետները» ֆիլմի ստեղծողներից Մոնթել Վիլիամսը: Նա Հայոց ցեղասպանության մասին իմացել է գործընկերոջից՝ «Սուպերմենի» հեռուստատեսային տարբերակի դերասան Դին Քեյնից։

Ֆիլմում ներկայացված են պատմական փաստեր, Հայոց ցեղասպանությունից փրկվածների պատմություններ, փորձագիտական դատողություններ։ «Ճանաչված չլինելով` հայերի ցեղասպանությունը պատճառ և արդարացում է դառնում այլ նոր ցեղասպանությունների համար: Այսօր մենք տեսնում ենք, որ Արցախում ցեղասպանությունը կարող է կրկնվել»,– նկատեց Վիլիամսը:

Ֆիլմում տեղ են գտել ոչ միայն 20-րդ, այլև 21-րդ դարում հայերի նկատմամբ կատարված էթնիկ զտումների փաստեր։ Սումգայիթում, Արցախում ազգային հողի վրա կատարված սպանություններից փրկված անձիք պատմում են իրենց հարազատների նկատմամբ կատարված խոշտանգումների մասին։ Ֆիլմի հեղինակների նպատակը, սակայն, միայն Հայոց ցեղասպանության ճանաչումը չէ, այլ մարդկության դեմ ուղղված այդ հանցագործության ամենատարբեր դրսևորումները կանխելը։

«Չճանաչված ցեղասպանությունը շարունակվող ցեղասպանություն է»,– նշում են ֆիլմի հեղինակները։ Լրագրողների այն դիտարկմանը, թե դերասաններին արդյոք չի մտահոգում այն փաստը, որ կարող են հայտնվել Ադրբեջանի և Թուրքիայի սև ցուցակում, Մոնթել Վիլիամսը պատասխանեց. «Չեմ պատրաստվում այցելել ո՛չ Թուրքիա, ո՛չ էլ Ադրբեջան»:

Vesti.am