Foto

Մտահոգիչ վիճակագրություն. ինչն է այդքան ուրախացրել Կարայանին

Հայաստանի ներքաղաքական կյանքի համար 2018-ի նշանակությունը հայտնի է բոլորին, ու երևի հենց սույն հանգամանքով պայմանավորված՝ իշխանությունները, ինչպես և սպասվում էր, արդեն սկսել են բավական լավատեսական կանխատեսումներով հանդես գալ՝ ընթացիկ տնտեսական տարվա վերաբերյալ:

Սուրեն Կարայանը 168.am-ին տված իր հարցազրույցում համոզմունք է հայտնել, որ կան բոլոր նախադրյալները 2018-ին նույնպես գրանցելու նույքան աճ, որքան՝ 2017-ին՝  7.5%: Իսկ թե կոնկրետ տնտեսության որ ոլորտներն են նման «թռիչքաձև» աճ գրանցել, պարզ է դառնում նույն Կարայանի խոսքից. ծառայություններ ու արդյունաբերություն: Այսինքն՝ ինչպես միշտ: Ընդ որում՝ մասնավորապես, ծառայությունների ոլորտում գրանցված աճը տեղի է ունեցել  խաղատների ու բուքմեյքերական  ընկերությունների ծավալած գործունեության հաշվին, իսկ ահա արդյունաբերության պարագայում (աճը կազմել է 12.6%, որից 9.7%-ն ի հաշիվ մշակող արդյունաբերության) կրկին ունենք նույն պատկերը, ինչ նախորդ տարիներին. լոկոմոտիվի դերում հանդես եկող ճյուղը ոչ մի կերպ չի ցանկանում իր տեղը զիջել:

Իրականում, սա նշանակում է, որ խոսուն համարվող 7.5% ցուցանիշը գրեթե ոչինչ է, քանի որ տնտեսության կառուցվածքում փոփոխություն տեղի չի ունեցել, և սա արդեն տասնամյակների տենդենց է: Ավելին՝ նույն սպասարկման ոլորտում գրանցված աճը նույնիսկ կարելի է մտահոգիչ համարել՝ պայմանավորված Հայաստանում փաստացի թափ հավաքող խաղամոլությամբ, ինչը խոսում է հասարակության ոչ այնքան հաճելի կողմերի մասին: Այինքն՝ սա մի աճ է, որը պետք է ոչ թե ուրախություն պարգևի Կառավարությանը, այլ՝ մտահոգության տեղիք տա: Այստեղ մեկ հանգմանք էլ կա. չմոռանանք, որ խաղատների ու նմանատիպ կառույցների ծառայություններից օգտվում են հիմնականում ֆինանսապես վճարունակները, ինչն էլ նշանակում է, որ այստեղ որևիցե խոսք լինել չի կարող հասարակության ընդհանուր կենսամակարդակի աճի վերաբերյալ, ավելին՝ սա խոսում է հասարակության խիստ բևեռացվածության մասին՝ հաշվի առնելով, թե ովքեր են կազինոների հիմնական հաճախորդները: 7.5%-անոց աճը մի տեսակ կղզիացած, կյանքից կտրված աճ է՝ Հայաստանի բնակչության բացարձակ մեծամասնությանը չվերաբերող:

Բայց երևի թե 7.5% թիվն ինչ-որ բան կարժենար, եթե նույն «ռեկորդային» 2017-ին չգրանցվեին սպառողական գների ու, մասնավորապես, սննդամթերքի լայն սպառման տեսակների գների թռիչքաձև աճ: Ճիշտ է՝ տվյալներ կան, որ աշխատավարձի որոշակի բարձրացում ևս վերջին շրջանում տեղի է ունեցել (ըստ ԱՎԾ-ի, օրինակ, 2017 թվականի հունվար-դեկտեմբերին միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 195 074 դրամ։ Այդ թվում՝ պետական հատվածում միջին աշխատավարձը 164 368 դրամ է, մասնավոր հատվածում՝ 231 777 դրամ (նախորդ տարվա նույն ժամանկահատվածի համեմատ միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 3.3%-ով, այդ թվում՝ պետական հատվածում աշխատավարձն աճել է 0.8%-ով, մասնավոր հատվածում՝ 4.1%-ով), սակայն, երբ համապատասխան տոկոսներն ու թվերը դնում ես ասենք «1կգ տավարի միս-4500-5000 դրամ» գնապիտակի կողքին, պարզ է դառնում, որ իրականում պատկերն առավել քան ողբերգական է:

Բնական հարց ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը՝ քանի՞ կոպեկ արժե 7.5%-անոց տնտեսական աճը, եթե նույնիսկ ընդունենք դրա ճշմարտացիությունը, երբ սպառողական գներ-աշխատավարձեր համադրությունն ամենևին էլ հօգուտ շարքային քաղաքացիների չէ: Հարց երկրորդ՝ հատկապես ի՞նչ է արվում տնտեսական աճի կառուցվածքը կամ, առհասարակ, տնտեսության կառուցվածքը փոխելու ուղղությամբ: 2017-ին մեր երկրում քանի՞ նոր արտադրություն է հիմնվել, քանի՞ ֆաբրիկա կամ գործարան են կառուցվել ու շահագործման հանձնվել և կամ ի՞նչ է արվել տեղական արտադրողին պաշտպանելու ուղղությամբ, որպեզի Հայաստանում արտադրվածը ոչ թե պահեստներում փտի, այլ արտահանվելուն զուգահեռ նաև սպառվի տեղում: Ասել կուզի՝ ինչ է արվել տեղական արտադրողին խրախուսելու, այլ ոչ թե «հուշտ անելու» համար: Համաձայնեք, որ կազինոների հաշվին տնտեսական աճ նկարելը դեռ չի խոսում տնտեսության իրական վիճակի մասին, իսկ երբ սրան էլ գումարում ենք չդադարող արտագաղթն ու կապիտալի անկառավարելի արտահոսքը, պատկերն է՛լ ավելի ամբողջական ու ողբերգական է դառնում:

Մեկ բան հստակ է՝ եթե 2018-ը տնտեսական առումով դառնալու է 2017-ի տրամբանական շարունանակությունը (բոլոր նախադրյալները կան՝ այդպես մտածելու), ապա ավելի լավ է նման աճ առհասարակ չգրանցվի. խաղամոլությունը չի կարող համարվել առողջ հասարակությանը հարիր երևույթ:

Էռնեստ Ջանփոլադյան