Հայ-վրացական հարաբերություններում սառույցը, կարծես, հալչում է: Ճիշտ է, ոմանց կարող է տարօրինակ թվալ այս պարագայում «սառույցը հալչում է» արտահայտությունը, սակայն փաստ է, որ չնայած թվացյալ եղբայրությանը, նման սառցապատ գոտիներ այդ հարաբերություններում առկա են մինչև հիմա:
Հայտնի է դարձել, որ 2009-ից վրացական իշխանությունների կողմից սահմանված հայերին վերաբերող «սև ցուցակում», փոփոխություններ են տեղի ունեցել: Հիշեցնենք, որ այդ ցուցակում ընդգրկված են մասնավորապես Շիրակ Թորոսյանը, Ստեփան Մարգարյանը, Հովհաննես Այվազյանը, Սամվել Կարապետյանը և այլք: Նաև հարկ է նշել, որ նման մի սև ցուցակ էլ ստեղծվել է Ջավախքի հայկական դպրոցների վերաբերյալ. Վրաստանն ակնհայտորեն խոչընդոտում է դպրոցներում հայատառ գրականության հայտնվելուն, ջավախահայերի առաջ ամեն կերպ արհեստածին խոչընդոտեր են հարուցում՝ կրթվելու մայրենի լեզվով ու էությամբ հայ մնալու:
Ինչ վերաբերում է կատարված փոփոխություններին, ապա պատգամավոր Շիրակ Թորոսյանի խոսքերով՝ փոփոխություններ եղել են Կարեն Գիլոյանի հետ կապված, ով այսուհետ կարող է անցնել սահմանը, բայց ոչ ազատ, այլ որոշակի համաձայնություններից հետո: Առաջընթացներ կա նաև իր հետ կապված: Պատգամավորը նաև հույս է հայտնել, որ այս ամենն ապագայում կունենա իր դրական շարունակությունն ու «սև ցուցակ» ասվածն առհասարակ կվերանա:
Այսպիսով՝ պետք է արձանագրել, որ Վրաստանի նախագահի վերջին հայամետ ժեստից հետո, երբ Մառնեուլիում Մարգվելաշվիլին հրաժարվել էր հանդես գալ ազերի երիտասարդի կամակատարի դերում ու մեկ րոպե լռությամբ հարգել Խոջալուի զոհերի հիշատակը, վրացիները երկրորդ հայանպաստ քայլն են անում ու, հուսանք, սկիզբ դնում մի նոր ու առողջ գործընթացի: Հարց է, սակայն, թե ինչո՞վ է հատկապես սա պայմանավորված:
Միանշանակ է, որ «սև ցուցակում» փոփոխություններ կատարելուն միտված զգուշավոր այս քայլը բխում է այն նույն տրամաբանութունից, ինչ Մառնեուլիում տեղի ունեցածը: Վրաստանն, ըստ էության, փորձում է վերագնահատել Հայաստանի հետ իր հարաբերություններն ու վերարժևորել դրանք՝ շատ լավ հասկանալով այդ հարաբերությունների կարևորությունն իր համար, հատկապես թուրք-ազերիական տանդեմի ֆոնին: Վրաստանին հակակշիռ է անհրաժեշտ ադրբեջանական ճնշումներին՝ ի դեմ Հայաստանի հետ լավ հարաբերությունների, ու բնավ չի բացառվում, որ Թբիլիսիում այլևս սկսել են սա ավելի հստակ գիտակցել՝ փորձելով նորովի կամուրջներ կառուցել Հայաստանի, ինչպես նաև հնարավոր է վրացահայերի հետ: Մեծ քաղաքականության մեջ առանց հակակշիռների հնարավոր չէ, ու այս ճշմարտությունը վրացական իշխանությունները կարծես սկսել են նոր-նոր սերտել, ինչն, անկասկած, հույս է ներշնչում:
Հրանտ Դալլաքայան