Foto

Ջերմուկում կայացավ «Ձնեմարդուկ» ամենամյա փառատոնը՝ ֆրանկոֆոնիայի թեմայով. ֆոտոշարք

Ձմեռային զբոսաշրջությունը զարգացնելու, հետաքրքրությունները բազմազանեցնելու նպատակով 2012 թվականից Ջերմուկում անցկացվում է «Ձնեմարդուկ» ամենամյա փառատոնը։ Բացի դահուկավազքից և ձմեռային տուրիզմի այլ ավանդույթներից, փորձ է արվում Ջերմուկում ձևավորել և զարգացնել նաև քանդակագործության մշակույթը։ Փառատոնի ծրագրի հիմքում ընկած է հենց ձնե քանդակների պատրաստումը։

Այս տարի այն նվիրված էր ֆրանսիական մշակույթին, քանի որ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովն այս տարի կանցկացվի հենց Հայաստանում:

116

Փառատոնի կազմակերպիչներից Ջերմուկի զարգացման կենտրոն ՀԿ-ի նախագահ Վազգեն Գալստյանի խոսքով՝ փառատոնի նպատակն է ապահովել զբոսաշրջիկների ուղևորահոսքը Ջերմուկ և երկարացնել ձմեռային սեզոնը:

«Փառատոնի շրջանակում փորձում ենք նպաստել, որպեսզի ձմեռային տուրիզմը Հայաստանում զարգանա և հիմնական շեշտադրումը դնում ենք նոր ուղղությունների վրա, մասնավորապես՝ ձնե քանդակների պատրաստում, շուտով կսկսենք նաև սառցե քանդակների պատրաստումը: Մեկ այլ նախաձեռնություն էլ Ձմեռային հեծանվային մարզային գավաթն է: Մինչ այս ձմեռային մրցաշար Հայաստանում երբևէ չի եղել, բայց արդեն 3-րդ տարին է Սիրողական հեծանվասպորտի ֆեդերացիայի հետ համագործակցությամբ կազմակերպում ենք ձմեռային հեծանվային մարզային գավաթը»,-ասաց կազմակերպիչը՝ հավելելով, որ աշխատանքներ են տարվում, որպեսզի 2020 թվականից փառատոնը լինի երկարաժամկետ և դուրս գա միջազգային ասպարեզ:

161

Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանն էլ նշեց, որ փառատոնի կազմակերպիչներին իրենք աջակցել են գովազդային ծրագրերի առումով և ֆինանսապես: Փառատոնի կազմակերպման համար Ջերմուկի քաղաքապետարանը տրամադրել է 800 հազար դրամ:

2 օր շարունակ քանդակագործությամբ զբաղվող պրոֆեսիոնալ և ոչ պրոֆեսիոնալ խմբերը Ջերմուկ քաղաքը վերածել էին ձնե թագավորության:

Մուշեղի ձնե քանդակն այս տարի աքաղաղն է՝ Ֆրանսիայի խորհրդանիշը: Անցած տարի էլ փոկ էր պատրաստել: Նա մասնագիտությամբ քանդակագործ է, սովորում է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի 4-րդ կուրսում:

058

050

«Քանի որ թեման ֆրանկոֆոնիան է, որոշեցի Ժաննա դ'Արկին քանդակել: Հիմնականում կավով, քարով եմ քանդակներ ստեղծում, առաջին անգամ եմ ձյունով աշխատում, դրա համար մի քիչ դժվար է, բայց շատ հաճելի ու հետաքրքիր է: Ձյունն այս տարի այնքան էլ լավը չէ, բայց հուսով են, մյուս տարի լավը կլինի ու ավեի լավ քանդակ կստեղծենք»,-ասում է քանդակագործ Ալիսա Դանիելյանը:

065

067

Գոռն ու Տիգրանն էլ որոշել էին տանկ պատրաստել՝ հույսով, որ մի անգամ էլ իսկական տանկ կնստեն:

036

Արտյոմն ու Նորայրն այս տարի որոշել են պատրաստել պինգվինների տուն՝ հետաքրքիր է իրենց համար: Այն պատրաստելու համար նրանցից պահանջվել է շուրջ երկու օր: Ասում են՝ անցած տարի էլ թունել էին պատրաստել ու արժանացել բոլորի գովասանքին:

029

11-ամյա Հովհաննեսը Միկի Մաուսը պատրաստել է 2-3 ժամում, ասում է՝ փառատոնին մասնակցում է առաջին անգամ:

047

Փառատոնն ուղեկցվում էր համերգային ծրագրով, իսկ Ջերմուկի ճոպանուղին գործում էր անվճար:

Vesti.am