«Կոչով դիմել էիք սփյուռքին, որպեսզի գան Հայաստան և ներդրումներ կատարեն: Արդեն մեկ տարի անցել է և փաստորեն Ձեր և իշխանության անունից այդ կոչն ունի իր ինդիկատորները: Որքանո՞վ է այս մեկ տարվա ընթացքում սփյուռքն արձագանքել այդ կոչերին և ի՞նչ ներդրումներ են կատարվել Հայաստանում»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ՝ դիմելով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին, հետաքրքրվեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
«Իսկապես նման կոչ արել ենք, թե ինչքանով են արձագանքել, մենք այդ վիճակագրությունը Ձեզ կներկայացնենք: Փետրվարին բոլոր նախարարությունները տալու են հաշվետվություն: Իսկ այն թվերը, որոնք ես եմ հայտարարել՝ 840մլն դոլարի ներդրումային ծրագրերի մասով, այս պահին մենք ամփոփած դա ունենք և բոլոր ծրագրերը, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում 856մլն-ի, որոնք հայտարարել էինք իրագործվել են, որից 550-ը մասնավոր սեկտորից էր: Ցուցակը մոտ օրերս կլինի և կարող եք այն ուսումնասիրել: Ամփոփված է նաև Տարածքային կառավարման և զարգացման նախարարության տվյալները՝ մարզերի վիճակագրության վերաբերյալ: 198մլդ ներդրում է մարզում կատարվել, այդ 850մլն-ից դուրս: Մնացած տեղեկությունը կներկայացնի Ազգային վիճակագրական ծառայությունը և նախարարությունները»,-ասաց վարչապետը:
Մարուքյանն էլ արձագանքեց, թե արդյո՞ք կոնկրետ օրինակներ այս պահին չկան, որպեսզի ներկայացվի:
«Շատ լավ կլինի, որպեսզի անդրադառնաք նաև վերջին զարգացումներին՝ ՌԴ-ի նկատմամբ ԱՄՆ սանկցիաներին, քանի որ ինչքանով որ հասկանալի էր, այդ ներդրումների հիմնական մասը գալու էր Ռուսաստանից»,-նշեց Մարուքյանը:
«Ներդրումները բոլորը Ռուսաստանից չեն, աշխարհագրությունը կտանք: Պետք է նշեմ, որ մեզ մոտ արտահանումն աճել է 43,3 տոկոսով 2017թվականի հունվարի հետ համեմատած, որից 19 տոկոսը ԵԱՏՄ-ն է, 51 տոկոսը՝ այլ երկրները: Ներմուծումն աճել է 55,5 տոկոս, որի 19 տոկոսը ԵԱՏՄ-ն է, 75 տոկոսը՝ այլ երկրները: Սա կոնկրետ ծրագրերը թվարկելու ամբիոն չէ»,-հավելեց Կարապետյանը:
Vesti.am









