Foto

Վրաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով կժամանի Հայաստան

Հունվարի 24-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի հետ։ Վրաստանի պաշտպանության նախարարը գոհունակություն է հայտնել երկու երկրների միջև առկա ռազմական համագործակցության կապակցությամբ և հայտնել, որ այս տարի նախատեսված է իր պաշտոնական այցը Հայաստան։

ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Վրաստանի միջև ռազմական համագործակցության ծրագրով նախատեսված միջոցառումների ընթացքի և հետագա հեռանկարային ուղղությունների վերաբերյալ՝ այս համատեքստում հատկապես կարևորելով ռազմական կրթության և ռազմական բժշկության ոլորտներում համագործակցությունը։

Հանդիպմանը մասնակցել են նաև Վրաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Լելա Չիքովանին, Վրաստանում ՀՀ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Սամվել Ռամազյանը և դեսպանության խորհրդական Կարեն Պարունակյանը։