Վրաստանն ու Եվրամիությունը փետրվարի 5-ին, Բրյուսելում կայանալիք ԵՄ խորհրդի նիստին կքննարկեն Վրաստանի՝ Եվրամիությանն ասոցացման համաձայնագրի հետ կապված հարցերը:
Այդ մասին հայտնում է «Грузия Online»-ը:
«Հանդիպմանը մանրամասն կգնահատվի ասոցացման մասին համաձայնագրի իրագործումը: Խոսակցություն կլինի մեզ համար կարևոր թեմաների շուրջ։ Դա է անվտանգությունը, հակամարտությունների թեման, անվտանգության վերաբերյալ երկխոսությունը, որը մենք սկսել ենք Եվրամիության հետ: Հանդիպումը բաղկացած է լինելու երկու մասից: Մեկը, այսպես ասած, դռնփակ փոքր հանդիպումն է, որտեղ տեղի կունենա ավելի գաղտնի երկխոսություն, և երկրորդ հատվածը, որտեղ արդեն ներկա կլինեն մասնակից պետությունները»,- հանրային հեռուստատեսությանը հայտարարել է ԵՄ-ում Վրաստանի դեսպան Նատալյա Սաբանաձեն:
Հանդիպմանը զեկույցով հանդես կգան Վրաստանի վարչապետը և ԵՄ-ի հետ ասոցացման մասին համաձայնագրի իրագործման գործընթացում ներգրավված պետական գերատեսչությունների ղեկավարները:
Vesti.am