Foto

Այս տարվա գները նախորդ տարվա նախատոնական շրջանի համեմատ շատ ավելի բարձր են. Վազգեն Սաֆարյան

Սպառողական շուկայում մարդիկ փորձում են օգտվել նոր տարվա աժիոտաժից և, իմ կարծիքով, հանիրավի թանկացնում են ապրանքները։ Դեկտեմբերի 25-ին, լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը։

Նրա կարծիքով՝ նախորդ տարվա նախատոնական շրջանի համեմատ այս տարվա գները շատ ավելի բարձր են։

«Եթե նախորդ տարի խոզի բուդը հնարավոր էր գնել 3000-3200 դրամով, այս տարի նվազագույն գինը 3500 դրամ է։ Օրինակ`Կրասնոդարից ներկրված խոզի միսը 2800 դրամ է, իսկ տեղականը 3500 դրամ։ Հիմա հարց է առաջանում՝ այդքան ծախս անելով բերում են և այն մեկն ավելի էժան է, քան տեղական խոզի մի՞սը»,-ասաց բանախոսը՝ հավելելով, որ արտադրողները փորձում են լրացուցիչ շահ ապահովել իրենց համար, որովհետև նրանք էլ ուրիշ թանկացած ապրանքներ են առնում:

Վազգեն Սաֆարյանն ընդգծեց, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը պետք է վերահսկի շուկան:

«Ներմուծողների նկատմամբ պետք է կիրառվի այնպիսի մոտեցում, որ եթե դու փորձում ես հավելյալ շահույթ ստանալ, դրա 90 տոկոսը պետք է բյուջե մուծես։ Այդ դեպքում չեն գնա հավելյալ գերշահույթ ստանալու ճանապարհով»,- ասաց նա։

Իսկ ընդհանրապես գների բարձրացում չունենալու համար, ըստ Վազգեն Սաֆարյանի, պետք է տեղական արտադրությունը զարգացնել։

Vesti.am