Խոշոր և միջին բիզնեսն ավելի քան 483 մլրդ դրամ հարկային մուտքեր է ապահովել պետբյուջե այս տարվա 11 ամիսների ընթացքում։ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ այս տարվա հարկային եկամուտների աճը կազմում է ավելի քան 61 մլրդ դրամ կամ 13,8 տոկոս:
«Սա տնտեսության ակտիվացման, արտադրության և արտահանման տեմպերի արագացման ու հարկային նոր վարչարարության արդյունք է»,-աղբյուրի փոխանցամամբ ասել է Խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության պետ Արմեն Սաֆարյանը:
Միայն մետաղական հանքարդյունահանման ոլորտում հարկային մուտքերն ավելացել են 43 տոկոսով: Աճը զգալի է նաև ծխախոտի արտադրության, բանկային գործունեության, վառելիքի ներմուծման-իրացման, շինանյութի արտադրության, սուպերմարկետների, ծառայությունների մատուցման և, ընդհանուր առմամբ, 55 ոլորտներում։
«Խոշոր և միջին բիզնեսի ոլորտային և անհատական վերլուծություններից հետո հարկ վճարողները դասակարգվել են ոչ ռիսկային և ռիսկային խմբերի: Խոշոր և միջին ՀՎՏՎ-ը, կատարելագործելով վերլուծական կարողությունները, ստուգումներ և ուսումնասիրություններ է անցկացրել բացառապես ռիսկային համարվող հարկ վճարողների մոտ, եթե միայն ինքնահայտարարագրման մղող կանխարգելիչ ջանքերն արդյունք չեն տվել»,-պարզաբանել է Արմեն Սաֆարյանը՝ նշելով, որ հարկ վճարողների զգալի մասն արձագանքել է հարկային մարմնի գործընկերային երկխոսության առաջարկին և վերանայել վարքագիծը:
Արդյունքում ռիսկային հարկ վճարողների հարկային եկամուտների և իրացման շրջանառությունների աճն առավել տպավորիչ է. եթե ոչ ռիսկային հարկ վճարողների հարկային եկամուտներն աճել են 7 տոկոսով, ապա ռիսկայիններինը՝ շուրջ 20 տոկոսով:
«Առավել ռիսկային են այն ոլորտները, որտեղ կանխիկ դրամի մեծ շարժ կա՝ մանրածախ առևտուրը, ծառայությունների որոշ տեսակները, սպասարկման ոլորտը: Ճշգրիտ պատկեր ստանալու նպատակով մենք տնտեսության ոլորտները մի քանի տասնյակ ենթաոլորտների ենք բաժանում և վերլուծությունները կատարում մի քանի մակարդակով։ Օգտագործում ենք հնարավոր բոլոր աղբյուրներից ստացված տեղեկատվությունը, այդ թվում՝ երրորդ անձանցից՝ խորացնելով կոմիտեի և իրավասու այլ մարմինների միջև համագործակցությունը»,-ներկայացրել է Խոշոր և միջին ՀՎՏՎ պետը։
Ըստ նրա՝ բիզնեսի հետ գործընկերային փոխհարաբերությունների հաստատման մասին է վկայում նաև հսկողական աշխատանքների նվազումը. 2017թ.-ին 2016թ.-ի համեմատ բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումների քանակը նվազել է 45-ով կամ 12,7 տոկոսով, փոխարենն ավելացել է մասնակի ստուգումների քանակը: