Գերտերությունների ու հատկապես Ռուսաստանի ուշադրությունը շարունակում է սևեռված մնալ Անդրկովկասին, ինչը, թերևս, միանգամայն բնական պետք է համարել. չնայած թվացյալ խաղաղությանը` դեռևս ոչ ոք խաղաղության երաշխիք, ցավոք, չի կարող տալ:
Արտաքին հարցերով ռուսաստանյան խորհրդի «Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը. հայացք 2018-ին» կանխատեսական զեկույցը, որի կարևորությունը դժվար է թերագնահատել, բավական ուշագրավ գծերով է աչքի ընկնում. դրանում բավական հետաքրական կանխատեսումներ կան` կապված հատկապես մեր տարածաշրջանի հետ:
Զեկույցի հեղինակները տարածաշրջանային խաղաղության հարցում այնքան էլ լավատես չեն` միանգամայն իրական համարելով սահմանային սրացումները, որոնք, ըստ նրանց, պայմանավորված կլինեն այն քաղաքական իրադրություններով, որոնք տեղի են ունենալու թե՛ մեզ մոտ, թե՛ Ադրբեջանում: Որպես տարածաշրջանային կայունության պահպանման հիմնական գրավական, զեկուցողները շեշտել են Հայաստանի ընդունակությունը` դառնալու համագործակցության լավ հարթակ Արևմուտքի ու Ռուսաստանի միջև: Հատկապես շեշտվում է ՀԱՊԿ շրջանակներում ակտիվ համագործակցության կարևորությունը ՌԴ հետ, ինչն, ըստ էության, դիտարկվում է որպես խաղաղության պահպանման հիմնական գրավական, ինչպես նաև յուրատեսակ երաշխիք առ այն, որ Արևմուտք-Հայաստան խորացող հարաբերությունները անակնկալի չեն բերի Մոսկվային: Բավական ուշագրավ է նաև այն, որ զեկույցում առանձին շեշտվում է Հայաստանում առկա հակառուսական տրմադրությունների վերաբերյալ ու համոզմունք հայտնվում այն մասին, որ ընտրությունների ֆոնին Մոսկվայի հետ համագործակցության քննադատությունը կարող է ավելի սրվել:
Պետք է նկատել, որ նմանատիպ կանխատեսումներն ուշագրավ են ոչ միայն դրանց ակներև բովանդակության իմաստով, այլև այն թաքնված մեսիջներով, որոնք երբեմն սպրդում են: Կասկած լինել չի կարող, որ սույն փաստաթուղթը հենց դրանց թվին է պատկանում, որն ուղղված է ինչպես մեզ, այնպես էլ, բնականաբար, Բաքվին: Եվ ուրեմն`ո՞րն է ուղերձը:
Նախ` Ադրբեջանի մասով. Ալիևին հասկացնում են, որ Կրեմլում ուշիուշով հետևում են նրա գործողություններին: Ի դեպ` այս փաստաթղթի էությունն ավելի լավ հասկանալու համար պետք է այն դիտարկել վերջին իրադարձությունների ֆոնին, որոնք ակնհայտորեն լի են Բաքու ուղարկվող ուղերձներով, և որոնց էությունը մեկն է` սաստել Ալիևին:
Ինչ վերաբեում է Հայաստանին, ապա Կրեմլի ասածը մեկն է` Մոսկվան դեմ չէ Արևմուտքի հետ Հայաստանի փոխգործակցությանը, սակայն այն ոչ մի պարագայում չպետք է վերածվի հակառուսական երևույթի: Հայաստանը պետք է գտնի ձևը՝ մի կողմից լավ հարաբերություններ ունենալ նույն ԵՄ-ի հետ, մյուս կողմից չվտանգելու այն ստրատեգիական բարեկամությունը, որ ձևավորվել է Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում: Միայն այդ պարագայում է, որ Մոսկվան կարող է ըմբռնումով մոտենալ ԵՄ-Հայաստան հայտնի հռչակագրի արդյունքում ձևավորվելիք Արևմուտք-Հայաստան հարաբերություններին ու զսպել Ալիևին:
Թե ինչպիսին կլինի 2018-ը տարածաշրջանի համար, իհակե, ցույց կտա հենց գալիք տարին, բայց այն, որ սա անցումային տարի է լինելու շատ առումներով, անվիճելի է: Իսկ անցումային շրջաններն ինչպես հայտնի է, երբեք իրենց հանդարտությամբ աչքի չեն ընկել. պետք է պատրաստ լինել:
Էռնեստ Ջանփոլադյան