Foto

Հայաստանը 40 միլիոն վարկ է վերցնում ԱԶԲ-ից

Դեկտեմբերի 12-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստում ներկայացվեց «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև հանրային արդյունավետության և ֆինանսական շուկաների ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագիծը:

Նախագծի հիմնական զեկուցող Ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանի խոսքով՝ այս համաձայնագիրը բյուջետային աջակցության վարկ է համարվում:

«Այս վարկի ստացումը հնարավորություն կտա սահուն կերպով անցկացնել 2017 թվականը և ունենալ ֆինանսական կայունության ապահովում»,-ասաց փոխնախարարը:

Գումարի չափը լինելու է 40 մլն ԱՄՆ դոլար, մարման վերջնաժամկետը՝ մինչև 2031 թվականը ներառյալ: Վճարումները, ըստ կառավարության ներկայացուցչի, կատարվելու են 24 մասով՝ 2020 թվականից սկսած: Մարման ժամկետը 15 տարի՝ 3 տարին արտոնյալ:

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը հետաքրքրվեց, թե կա՞ հստակ ծրագիր, որն իրականացվելու է այդ գումարով:

Ի պատասխան, փոխնախարարն ասաց, որ կոնկրետ ծրագիր այդ գումարով չի նախատեսվում իրականացնել և դրանով էլ հենց բյուջետային աջակցության վարկը տարբերվում է մյուս վարկային ծրագրերից:

Արմեն Հայրապետյանի խոսքով, 2019 թվականից այլևս Հայաստանի կառավարությունը բյուջետային վարկեր չի ներգրավելու և անցնելու է նպատակային վարկերի ներգրավմանը:

«Գնալով ստանձնելու ենք նպատակային վարկեր, որոնք ուժեղացնելու են մեր տնտեսության հիմքերը, այսինքն՝ ներդրումներ են լինելու ենթակառուցվածքների մեջ», - ասաց պաշտոնյան:

Vesti.am