Մի քանի տարի հետո Հայաստանի ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով կհասնի 10 000 ԱՄՆ դոլարի, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ ԱՄՀ-ի գնահատականով՝ 2017թ․ Հայաստանում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կկազմի 3 690 դոլար։ Փաստորեն, մի քանի տարում երկրի ՀՆԱ-ն պետք է գրեթե եռապատկվի։ Հնարավո՞ր է դա՝ հաշվի առնելով, որ այսօրվա սոցիալ-տնտեսական իրադրությունը որևէ լավատեսական հույս չի ներշնչում: 2016թ. ցուցանիշով մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն 3 հազար 500 դոլար է, իսկ առաջիկա տարիների համար ՀՆԱ-ի աճը կանխատեսվում է հետևյալ կերպ. 2018թ.՝ 4.7 տոկոս, 2019 թվականին՝ 5.4 տոկոս, 2020 թվականին՝ 5.7 տոկոս:
Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանի խնդիրն է մինչև 2040 թվականը միջինը տարեկան մոտ 5 տոկոս ՀՆԱ աճ ապահովել և հասնել ավելի քան 57-60 միլիարդ դոլար ցուցանիշի, մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ ցուցանիշն էլ 2015 թվականի 3500 դոլարից 2040-ին հասցնել 15 հազարի` հաշվի առնելով ինչպես ՀՆԱ աճի տեմպերը, այնպես էլ ժողովրդագրական իրավիճակի ծրագրավորված բարելավումները։
Հեռավոր ապագայում աներևակայելի բարձունքների հասնելու խոստումները նորություն չեն։ Խրուշչովն, օրինակ, խոստանում էր «հասնել և անցնել Ամերիկային» ու 20 տարում կոմունիզմ կառուցել։ Բայց կոմունիզմ կառուցելը խիստ վերացական հասկացություն է, մինչդեռ Սերժ Սարգսյանը կոնկրետ թվեր է նշում: Սկսենք նրանից, որ եթե հիմա Հայաստանի ՀՆԱ-ն 10,5 միլիարդ դոլար է, ապա տարեկան 5 տոկոսանոց աճի դեպքում 2040 թվականին ՀՆԱ-ն կկազմի ոչ թե 57-60 միլիարդ, այլ ընդամենը 34 միլիարդ դոլար։ Սա, հիշեցնենք, այն դեպքում, եթե տարեկան 5 տոկոս աճ ունենանք, մինչդեռ այս տարվա համար, օրինակ, նախատեսված է լավագույն դեպքում 3,2 տոկոսանոց աճ։ Բայց հասկանալի է, որ դա նույնպես դժվար հասանելի նշաձող է կառավարության համար։
Բացի այդ հարկավոր է նշել նաև մեկ այլ, ոչ պակաս կարևոր ասպեկտ: ՀՆԱ աճը ուղղակիորեն կապված է բնակչության գնողունակության հետ: Այսօր ՀՀ քաղաքացու գնողունակության միավորը՝ երեք է, ըստ Սերժ Սարգսյանի հայտարարության, նախատեսվում է, որ այն պետք է հասնի 9.5-10-ի:
Սակայն հաշվարկները ցույց են տալիս, որ ՀՆԱ եռապատկումը ենթադրում է, որ քաղաքացու գնողունակության միավորը պետք է լինի առվնազն 25: Մինչդեռ ըստ պաշտոնական թվերի՝ Հայաստանի բնակչության գնողունակությունը նվազել է 38 միլիարդ 188 մլն դրամի չափով: Հասկանալի է, որ եթե բնակչությունն իր ֆինանսական հնարավորությունները պահպանում է, ապա նրա ծախսերը չեն կրճատվում: Ավելին՝ գնողունակության ցուցանիշը մարդկանց սոցիալ-տնտեսական վիճակի ամենաառաջնային ցուցիչն է:
Նախորդ տարիներին Հայաստանի բնակչության գնողունակությունը աստիճանաբար աճել էր: Դա տեղի էր ունեցել արտերկրից եկող տրանսֆերտների աճի հետ զուգահեռ: Սակայն վերջին մեկուկես տարում Հայաստան եկող տրանսֆերտները նվազել են մոտ երեք անգամ և շարունակում են պակասել:
Հետևաբար ՀՆԱ եռապատկումը գրեթե նույնքան իրատեսական է, որքան մինչ 2040 թվականը բնակչության թիվը 4 միլիոնի հասցնելը, հատկապես որ մեկը մյուսի հետ անմիջական փոխկապվածության մեջ են…
Լիաննա Ավետյան