Foto

«Եղունգ ունես` գլուխդ քորի՛ր». Կառավարությունը «լվանում է ձեռքերը»

Հայ գյուղացիության ծանր վիճակի մասին տեղյակ են բոլորը: Այս տարիներին, եթե Հայաստանի այս ոլորտում ինչ-որ տեղաշարժ գրանցվել էլ է, ապա արդյունք է եղել բացառապես կառավարությունների կողմից գյուղացիությանը հատկացվող սուբսիդացիաների, որոնց շնորհիվ սոցիալական ծանր լծի տակ կքած գյուղացիությունը կարողացել է իր համար համեմատաբար ավելի մատչելի սերմացու, վառելիք կամ պարարտանյութ ձեռք բերել, հող մշակել, մի կերպ տակից դուրս գալ: Ճիշտ է`«սուբսիդացիա» կոչվածն այստեղ մի փոքր պայմանական պետք է հասկանալ, բայց դե ինչպես ասում են, չեղածից լավ էր:

Պարզվում է` այսուհետ գյուղացիությունը նույնիսկ այս սիմվոլիկ օգնությունից է զրկված լինելու: Նրանք այսուհետ միայն նախապես վճարելու դեպքում կարող են պետական ծրագրով ձեռք բերել պարարտանյութ ու դիզվառելիք: Սերմացուի պարագայում ևս ապառիկը չեղարկվելու է, ու միմիայն նրանք են կարողանալու գյուղատնտեսական այս բոլոր բարիքներից օգտվել, ովքեր ի վիճակի կլինեն մուծվել «նաղդով», հակառակ պարագայում դատապարտված են լինելու սովամահության կամ, լավագույն դեպքում, արտագաղթելու են:

Բնական հարցադրում` իմանալով հայ գյուղացիության ռեալ վիճակը` Իգանտի Առաքելյանն ի՞նչ է կարծում, քանի՞ հոգի են ի վիճակի լինելու ադապտացվել նոր ու շատ ավելի անմարդկային այն պայմաններին, որոնք այսուհետ գործելու են գյուղատնտեսության ոլորտում: Մի՞թե հասկանալի չէ, որ եթե սուբսիդացիա չտրամադրվի, ապա Հայաստանի անմշակ հողերի քանակն անշեղորեն աճելու է: Հետևաբար, հաշվի առնելով այն, որ այս տարրական ճշմարտությունը չիմանալ կառավարությունում ուղղակի չեն կարող, մեկ հետևություն է մնում կատարել. այս ամենն արվում է դիտմամբ` զարկ տալու ոչ թե Հայաստանի ներսում գյուղատնտեսության զարգացմանը, այլ համապատասխան ապրանքատեսակների ներմուծման ծավալների ավելացմանը, ու կստացվի, որ նույնիսկ «պետռուշկան» ներկրվում է, ասենք, Վրաստանից, քանի որ Իգնատի Առաքելյանն ու ընկերները որոշել են դաժան կատակ խաղալ հայ գյուղացու հետ: Իսկ ի՞նչ է որ, ոչխարի մսի պարագայում հիբրիդացված միս կուտենք, թուրքական կամ, որ է՛լ ավելի մազալու է, ադրբեջանական ծագման պետռուշկա չենք ուտի՞, բա «մաման էլ չենք լացացնի», էն էլ ոնց հուպ կտանք…

Հումորը` հումոր, բայց համաձայնե՛ք, որ իրավիճակը հետզհետե է՛լ ավելի ողբերգական երանգներ է ձեռք բերում, ու վերածվելու ենք մի պետության, ուր նույնիսկ ուտելիքի պրիմիտիվ տեսակներն են ներկրվելու, նույնիսկ խոտ աճեցնելու հնարավորություն հայ գյուղացին շուտով այլևս չի ունենալու:

Այնպես որ`առաջ դեպի «պայծառ» ապագա, որտեղ գնաճը աղքատին չի վնասելու…

Հրանտ Դալլաքյան