Foto

ՀՆԱ աճի գլխավոր խոչընդոտը

Հայաստանի Հանրապետության ՀՆԱ ծավալը 2017 թվականի 3-րդ եռամսյակում կազմել է 1 տրիլիոն 583.8 մլրդ դրամ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը։ Այսպես՝ 2016 թվականի երրորդ եռամսյակի համեմատ՝ ՀՆԱ-ի իրական աճը 3.5% է։ Առաջին եռամսյակում (նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ) ՀՆԱ աճը 7% էր, երկրորդ եռամսյակում՝ 5.5%: Այսինքն ակնհայտ է, որ տնտեսական աճի տարեսկզբյան բարձր տեմպը դանդաղել է՝ հիմնականում օգոստոս և սեպտեմբեր ամիսների համեմատաբար ցածր տնտեսական ակտիվության հետևանքով։ ՀՆԱ-ի ցուցանիշի վրա բացասական իմաստով ամենից շատ ազդել է գյուղատնտեսության ոլորտը (ներառյալ՝ անտառային տնտեսությունը և ձկնորսությունը)՝ 3.1 տոկոսային կետով։ Սա նշանակում է, որ, եթե գյուղատնտեսությունը  գոնե զրոյական աճ ունենար, ապա 2017 թվականի երրորդ եռամսյակում 3.5% տնտեսական աճի փոխարեն՝ կունենայինք ավելի քան 6.5% տնտեսական աճ։ Գյուղատնտեսական ոլորտի բացասական նպաստումը ՀՆԱ-ի հավելաճին բացասական է եղել նաև առաջին և երրորդ եռամսյակներում, սակայն, ոչ այնքան կտրուկ, որքան երրորդում։ Պատճառն այն է, որ գյուղոլորտի անկումը տարվա ընթացքում խորացել է. եթե 2017 թվականի առաջին եռամսյակում՝ 2016-ի առաջին եռամսյակի համեմատ, անկումը 3.8% էր, ապա երկրորդ եռամսյակում կազմեց 4.1%, իսկ երրորդ եռամսյակում հասավ 9.2%-ի։ Եվ տնտեսական աճի դանդաղումը՝ 2017 թվականի երկրորդ եռամսյակի 5.5%-ից մինչև 3.5% (երրորդ եռամսյակում) գրեթե ամբողջությամբ պայմանավորված է գյուղատնտեսության անկումային ցուցանիշներով։ Անկումը ուներ թե՛ օբյեկտիվ, թե՛ սուբյեկտիվ պատճառներ:

Օբյեկտիվը եղանակային պայմաններն էին, իսկ սուբյեկտիվը՝ վիճակագրական տվյալների հավաքագրման հետ կապված խնդիրները, քանի որ գյուղատնտեսության ոլորտում վիճակագրական տվյալների հավաքագրումը կազմակերպվում է համայնքապետերի, մարզպետների միջոցով։ Ասել է թե՝ գյուղոլորտի ցուցանիշները կարող են իրականությունից էապես շեղված լինել։ Հետո Գյուղնախարարությունն ու ԱՎԾ-ն հանդես եկան պարզաբանումներով՝ գյուղոլորտի անկումը պայմանավորելով գլխավորապես կլիմայական պայմաններով և գյուղատնտեսական որոշ մշակաբույսերի հասունացման վեգետացիոն ժամանակաշրջանի կրճատմամբ։

Ինչևէ, հավանականությունը, որ տարվա վերջին եռամսյակում գյուղատնտեսությունը դուրս կգա անկումային փուլից, խիստ ցածր է գնահատվում, հետևաբար ՀՆԱ աճին սպասելը նույնպես՝ չարդարացված լավատեսության դրսևորում է…

Էմմա Կիրակոսյան