Վարչապետ Կարեն Կարապետյանը Կառավարության այսօրվա նիստում անդրադարձավ ապրանքի ծագման երկրի հավաստագրի տրամադրման կարգի հստակեցմանը:
«Ապրանքների արտահանման ոլորտում մոտավորապես մաքսային վճարների և արտոնությունների որոշման հարցում կարևոր նշանակություն ունի ապրանքի ծագման հավաստագրի տրամադրումը: Այդ իսկ պատճառով, հատկապես կարևոր է, որ այդ գործընթացն իրականացվի հստակ, կանխատեսելի և դժվարություններ չառաջացնի բարեխիղճ գործարարների համար: Նարկայումս Առևտրաարդյունաբերական պալատի կողմից միջոցներ են ձեռնարկվում թվային գործիքների ներդրման ուղղությամբ, որի միջոցով գործարարների համար համապատասխան դիմումները և հավաստագրերի տրամադրումը կիրականացվի էլեկտրոնային եղանակով: Միաժամանակ, գործող ապրանքների՝ տեղական և օտարերկրյա, ծագման երկրի հավաստագրերի տրամադրման և փորձաքննության անցկացման կարգը պարունակում են այնպիսի նորմեր, որոնք հստակ չեն և դրանից ելնելով հավաստագրի տրամադրումը կամ ապրանքի փորձաքննությունն առաջացնում է հայեցողական լիազորությունների տարաբնույթ մեկնաբանությունների հնարավորություններ: Կարգով սահմանված չեն նաև հավաստագրի տրամադրման, մերժման կամ ոչ հիմնավոր փորձաքննության անցկացման դեպքերի վերահսկողության մեխանիզմներ»,-շեշտեց նա:
Վարչապետը Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին հանձնարարեց, իսկ Ռազմավարությունների նախաձեռնության կենտրոնի գործադիր տնօրենին և Առևտրի ու արդյունաբերական պալատին էլ առաջարկեց երկամսյա ժամկետում (բայց շատ չէ, մեկ ամիս. Կարապետյան) հստակ ձևակերպել և Կառավարության աշխատակազմ ներկայացնել ապրանքների ծագման երկրների հավաստագրերի տրամադրման և փորձաքննության անցկացման կարգը պարզեցնելու և հստակեցնելու վերաբերյալ առաջարկություններ, այդ թվում՝ անդրադառնալով հայեցողական լիազորությունների համապատասխան հավաստագրերի տրամադրումը մերժելու փորձաքննության անցկացման հիմքերի և ընթացակարգերի հստակեցման հարցերին:
Vesti.am