Foto

Թվանկարչության հերթական չափաբաժինը. կեցցե՜ 2018-ը

Պարբերաբար հրապարակվող պաշտոնական ցուցանիշների նկատմամբ հայ հասարակության վստայությունը մեծ չէ, ինչը, թերևս, ունի իր օբյեկտիվ պատճառները. այն դրական ցուցանիշները, որոնց հրապարակման առատությամբ հատկապես աչքի է ընկնում Ազգային վիճակագրական ծառայությունը, մարդիկ գործնականում երբեք սեփական մաշկի վրա չեն զգացել:

Դիցուք`պարզվում է, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը հեկտեմբերին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, զգալի աճ է գրանցել` ամբողջ 17%: Իսկ առաջին տասն ամիսների կտրվածքով տնտեսական ակտիվության ցուցանիշը, ըստ ԱՎԾ տվյալների, աճել է 7%-ով`կրկին նախորդ տարվա համեմատությամբ: Այսինքն` ստացվում է, որ ցանկացած պարագայում 2017-ը տնտեսական իմաստով անհամեմատ բարենպաստ է եղել, քան անցած տարին:

Սակայն, բնական հարց է առաջ գալիս` եթե ամեն բան այսքան լավ է, եթե Հայաստանի տնտեսության հեռանկարայնությունը վերջին 10 ամիսներին միմիայն աճ է գրանցել, ապա ինչով է պայմանավորված բնակչության շրջանում օրեցօր է՛լ ավելի ահագնացող աղքատությունն ու թափ հավաքող արտագաղթը: Ո՞վ է տեսել, որ լավ կյանքից փախչեն: Եթե նույնիսկ այդ աճն իրական է, ինչու՞ մարդիկ իրենց մաշկի վրա դա չեն զգում կամ ինչու՞ է գործազրկության մակարդակը միայն բարձրանում երկրում: Միգուցե պետությունը խնդիր ունի նաև եկամուտների հավասար բաշխմա՞ն հետ: Ի դեպ, պարզվում է, որ աճը գրանցվել է հիմնականում գյուղատնտեսության ոլորտի հաշվին` մոտ 30%, ինչը, ըստ էության, զրոյական ցուցանիշ է, քանի որ անցած տարի գյուղատնտեսության անկումը կազմել էր  նույնքան, որքան այս տարվա աճն է: Այսինքն`«մեկ քայլ առաջ, երկու քայլ հետ» սկզբունքն է գործում, ինչը ոչ մի ընդհանուր բան չի կարող ունենալ իրական տնտեսական զարգացման հետ, ու հրապարակված թվերն էլ ընդամենը լուծում են պարզ պրոպագանդայի խնդիր:

Միգուցե այս ամենում 2018 թվակա՞նն է մեղավոր. բացարձակապես չի բացառվում:

Հրանտ Դալլաքյան