Ոչխարի գլխաքանակի զանգվածային արտահանումը Հայաստանից հարևան Իրանի Իսլամական Հանրապետություն, ոչխարի, գառան մսի գնաճի հետ զուգահեռ, լուրջ խնդիր է առաջացրել անասնաբուծության այս ճյուղում: Պատճառն այն է, որ մարդիկ վաճառել են ոչխարները, բայց չեն կարողացել լրացնել խմբաքանակը:
Հեռու չգնանք՝ Հայաստանում ապրող եզդիների գերակշիռ մասը ապրում է ոչխարաբուծությամբ: Գաղտնիք չէ, որ ոչխարների վերարտադրությունը որոշակի ժամանակ է պահանջում։ Օրինակ՝ անցած տարվա գառները չեն մնացել, ողջ գլխաքանակը արտահանվեց: Դժվար չէ ենթադրել՝ եթե հաջորդ տարի էլ այսպես շարունակենք, ապա 2 տարում Հայաստանում ոչխարաբուծությունը իբրև ոլորտ կվերանա: Եթե գառան միսը անցած տարի 2000 դրամով էր վաճառում, հիմա՝ 3500 դրամից ավելի: Շուտով կդառնա 5000 դրամ, որովհետև ոչխարի գլխաքանակը զգալիորեն նվազել է:
Հայաստանում, ըստ պաշտոնական տվյալների, ոչխարի գլխաքանակը նվազել է 6.6 տոկոսով. այս տարվա հունվարի մեկի դրությամբ Հայաստանում եղել է 727 հազար 100 գլուխ ոչխար, մինչդեռ նախորդ տարի 778 հազար 100 էր: Ինչ վերաբերում է ներկրմանը, ապա այս տարվա առաջին կիսամյակում ՌԴ-ից ներկրվել է 800 գլուխ ոչխար: Իսկ ոչխարի, այծի մսի ներկրումը ՌԴ-ից վերոնշյալ ժամանակահատվածում կազմել է 625.5 տոննա՝ անցած տարվա 70 տոննայի դիմաց: Ասել է, թե հայկականին ներքին շուկայում տեղականին եկել է փոխարինելու ռուսական ոչխարի միսը: Ինչպես գիտենք, տեղական հումքից բարձրորակ մսամթերք է արտադրվում: Ներմուծվող գոմշամիսը որպես հումք է օգտագործվում համեմատաբար էժան մսամթերքի արտադրության մեջ, որոնք բարձր որակով աչքի չեն ընկնում: Եթե բարձորակ մսամթերքի մանրածախ գներն աճեն, ապա գնորդների պահանջարկի մի մասը կուղղվի դեպի վատորակ արտադրանքը: Այս տեսակետից, մսի արտահանումը ձեռնտու է միայն այսպիսի արտադրանք արտադրողներին: Իհարկե, հարկ է միայն ողջունել հայրենական արտահանման աճն ու դիվերսիֆիկացիան: Բացառությամբ դեպքերի, երբ դրա վնասն ավելի մեծ է, քան օգուտը:
Էմմա Կիրակոսյան