Foto

Ընդհանուր աշխատավարձի ֆոնդը 3 մլրդ դրամով կկրճատվի. նախարարը ներկայացրեց 2018-ի բյուջեն

ԱԺ-ում մեկնարկեց Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը: Բյուջեն ներկայացրեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Նախարարը նշեց, բյուջեն  վերջին տարում ուղղված է եղել ընթացիկ ծախսերին, և դա պայմանավորված է եղել 2014-ից այս կողմ ունեցած արտաքին հատվածից ներթափանցող շոկերով:

«Մեզ պետք է բարձր տնտեսական աճ՝ առնվազն 5%, և հարկաբյուջետային քաղաքականությունը կլինի այս ուղղությամբ»,- ասաց նախարարը և առանձնացրեց կայունության երկու թիրախ՝ մեկը մակրոտնտեսական կայուն վիճակը, մյուսը՝ տարածաշրջանի կայունությունը:

Արամյանը նշեց, թե գաղտնիք չէ, որ մեծ ուշադրություն պետք է դարձնել պաշտպանությանը, որպեսզի պատշաճ լինի, ինչն էլ ազդակ կլինի ներդրողներին:

«Երկրորդը հաշվեկշռված եկամտային քաղաքականությունն է: Բյուջեի եկամուտների հիմնական բեռն ընկել է հարկերի վրա, պետք է հաշվի առնել, որ դրանք հավաքագրվում են տնտեսությունից, և մեծ է ռիսկը, որ տնտեսական միջավայրի մեջ դա կարող է խեղումներ մտցնել: Հարկային գերվճարներ վերցնելը մեր սկզբունքներին դեմ է, և պետք է լինի ադեկվատ մոտեցում՝ մի կողմից  հարկերի հաշվին գեներացնել ծախսերը,  մյուս կողմից էլ հետևել, որ խեղումներ չմտցնեն»,-ասաց նա:

Ըստ բյուջեի նախագծի՝ 2018թ. տնտեսական աճի տեմպերի արագացման և տնօրինվող եկամտի աճի պայմաններում կանխատեսվում է սպառման 6.5% իրական աճ: Ընդ որում՝ վերջնական սպառումը կաճի և՛ մասնավոր, և՛ պետական հատվածներում:

2018թ. կանխատեսվում է արտահանման՝ 8 %, ներմուծման` շուրջ 7.8% իրական աճ:

Ակնկալվում է, որ 2017թ. ՀՆԱ-ի նկատմամբ ընթացիկ հաշվի պակասուրդը կկազմի մոտ 3.2%, իսկ 2018թ. այն կավելանա՝ կազմելով 3.6%:

Բյուջեի եկամուտների կանխատեսումներով «ՀՀ 2018թ. պետական բյուջեի մասին» օրեն­քի նախագծում եկամուտների ընդհանուր գու­մարը ծրագրվել է 1,307.3 մլրդ դրամ` 2017 թ. համար հաստատված 1,210.0 մլրդ դրամի և 2016 թ. փաստացի ստացված 1,135.9 մլրդ դրամ համադրե­լի գու­մար­ների դիմաց: Ակնկալվում է, որ ՀՀ 2018թ. պետական բյուջեի եկամուտներ/ՀՆԱ հա­րա­բե­րակցու­թյու­նը կկազմի 22.3%` 2017թ. համար հաստատված և 2016թ. փաս­­տացի 22.4%-ի դիմաց:

Օտարերկրյա պետություններից և միջազգային կազմակերպություններից բյուջեի նախագծով 2018 թ. ակն­կալ­վում է ստանալ 35,6 մլրդ դրամի չափով պաշտոնական դրամաշնորհներ: Այլ եկամուտների գծով մուտքերը 2018 թ. համար ծրագրվել են 23.8 մլրդ դրամի չափով:

2018 թ. պետական բյուջեի նախագծով ծախսերի ծավալը ծրագրա­վորվել է շուրջ 1,464.2 մլրդ դրամի չափով: Ծախսերի ամբողջ ծավալի 88.2 %-ը կամ 1,291.8 մլրդ դրամը բա­ժին է ընկ­նում ըն­թացիկ ծախսերին, 11.8 %-ը կամ 172.4 մլրդ դրամը՝ ոչ ֆինանսական ակտիվ­ների գծով զուտ ծախ­սերին:

Ընդհանուր աշխատավարձի ֆոնդը 3 մլրդ դրամով կկրճատվի՝ վերաիմաստավորելու կապիտալ ծախսերի անցնելու քաղաքականությունը:

Արամյանը խոսեց նաև պետական պարտքից և ասաց, որ այն խիստ կառավարելի է, չնայած աճում են պետական պարտքի սպասարկման ծախսերը:

Vesti.am