Թալինում, այսօր բացվեց Հայաստանում ամենամեծ՝ 1ՄՎտ հզորությամբ «Թալին-1» արևային կայանը։
Նախագիծն իրականացվել է հայաստանցի ներդրողների խմբի միջոցներով և «Վերականգնվող էներգիայի աջակցություն» ծրագրի շրջանակում, համաֆինանսավորվել է Գերմանահայկական հիմնադրամի և KfW բանկի կողմից՝ Կոնվերսբանկի միջոցով։
Արևային կայանի բացմանը ներկա էին ՀՀ վարչապետը, տարածքային կառավարման և զարգացման նախարարը և այլ հյուրեր։
«Արփի Սոլար» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Չոբանյանի խոսքով՝ կայանի ինժեներական աշխատանքները կատարվել են 20 օրվա ընթացքում:
«Հաջորդ արևային կայանը կառուցվելու է Սևանի ավազանում: Մյուս տարվա, կարծում եմ, ապրիլ ամսից կսկսվեն դրա շինարարական աշխատանքները:
Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ արևային կայանների ստեղծումը Հայաստանում ամենահեռանկարային ոլորտներից մեկն է, եթե ոչ՝ ամենահեռանկարայինը։
«Ընդամենը հինգ տարի առաջ, եթե 1 Մվտ հզորությամբ կայանի կառուցումը կարժենար 5 մլն ԱՄն դոլար, այժմ այն արժեցել է դրա 1/5-ից ավելի քիչ գումար», - լրագրողների հետ զրույցում ասաց փոխնախարարը։
Մանրամասները՝ Vesti.am-ի տեսանյութում։
https://www.youtube.com/watch?v=lbKHYnm-j6g&feature=youtu.beVesti.am