Վրաստանը Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու ամենաքիչ քաղաքականացված հատվածն է: Այդպես է կարծում ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը:
Նոյեմբերի 2-ին, լրագրողների հետ հանդիպմանը նա նշեց, որ ի տարբերություն Վրաստանի՝ Ադրբեջանն ու Թուրքիան, անկասկած, ավելի մեծ նշանակություն են տալիս երկաթուղու շահագործմանը: Բանախոսը, սակայն, համաձայն չէ այն տեսակետի հետ, որ նախագիծը մեկուսացնում է Հայաստանը:
«Հայաստանին ավելի շատ մեկուսացնում է ԵԱՏՄ-ն՝ իր պարտադրող նորմերով: Երկաթուղով բեռնափոխադրումները և ուղևորափոխադրումները մեր երկրում աննշան տոկոս են կազմում: Սա այն դեպքում, երբ զարգացող բոլոր երկրներում երկաթուղին համարվում է ամենահուսալի տրանսպորտային միջոցներից մեկը»,-ընդգծեց նա:
Հովհաննես Իգիթյանը նշում է՝ չի հավատում, որ Հայաստանում որևէ ուսանող էլեկտրագնացքով գալիս է Երևան:
«Ի՞նչն է Հայաստանին այսօր սահմանափակում ամբողջ ծավալով օգտվել «Հարավկովկասյան երկաթուղու» ընձեռած հնարավորություններից: Ինչ վերաբերում է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղուն, այն ո՛չ խանգարելու է, ո՛չ օգնելու Հայաստանին»,-ընդգծեց ՀՀՇ վարչության անդամը:
Vesti.am