Այսօր Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում։ Քաղաքացիները պետք է Թբիլիսիի, Ռուսթավիի, Բաթումի և Քութաիսիի քաղաքապետներ, ինչպես նաև՝ ավագանու անդամներ ընտրեն։
Ընտրություններին, ընդհանուր առմամբ, մասնակցում է 22 կուսակցություն և 5 դաշինք։ Սպասվում է, որ հիմնական մրցակցությունն ընթանալու է նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի իշխող «Վրացական երազանք» և ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունների միջև։ Վերջինի հիմնադիրը Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին է։
Քվեարկելու իրավունք ունի գրեթե 3,5 մլն մարդ, սակայն փորձագետները վստահ են, որ ակտիվ մասնակցություն սպասել չարժե։
Սամցխե-Ջավախեթիի 6 քաղաքներում քաղաքապետի 35 թեկնածուից 14-ը էթնիկ հայեր են, երկուսին առաջադրել են նախաձեռնող խմբերը, այլ ոչ թե կուսակցությունները․ կա մեկ կին՝ Անիվարդ Մոսոյանը, որը պայքարելու է Նինոծմինդային քաղաքապետի պաշտոնի համար: Նրան առաջադրել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը: Նախաձեռնող խմբերի առաջադրած թեկնածուներն են Անդրանիկ Կարլսյանը՝ Նինոծմինդայում և Լևան Ցաբաձեն՝ Ասպինձայում:
Ախալքալաքում քաղաքապետի 6 թեկնածու կա։