Պարբերաբար հրապարակվող վիճակագրական տվյալներից կարող է տպավորություն ստեղծվել, թե Հայաստանի տնտեսությունն իրականում ժամանակի հետ միայն ծաղկում է: Արդյունաբերության երկնիշ աճ, արտահանման ավելացում մոտ 20%-ով և այլն: Հենց նմանատիպ հաճելի ցուցանիշներով են լի այն վերջին վիճակագրական տվյալները, որ հրապարակվել են վերջերս, ինչն էլ, ըստ էության, կառավարության անդամներից Սուրեն Կարայանին հիմքեր է տվել պնդելու, որ կառավարության տնտեսական քաղաքականությունը կարելի է լիովին արդարացված համարել: Ավելին՝ ժամանակի ընթացքում տնտեսական աճն է՛լ ավելի զգալի է դառնալու, ինչն էլ հիմք է տալու Հայաստանից արտագաղթածներին վերադառնալու իրենց լքված տները:
Սակայն եթե հրապարակված թվերի իսկությունը մի փոքր ավելի խորքային քննենք, ապա անմիջապես պարզ կդառնա, որ դրանցում լուրջ որակական փոփոխություններ չկան ու տնտեսության մեր երկրի համար հիմնահենքային ոլորտներում՝ գյուղատնտեսությունում ու շինարարությունում, իրականում անկում է գրանցվել (համապատասխանաբար 4% և 9%),իսկ արդյունաբերական աճն էլ առավելապես տեղի է ունեցել բնության հաշվին՝ պղինձ, մոլիբդեն, հանքագործական ապրանքներ, խմիչք, սնունդ, թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր: Իսկ սա նշանակում է, որ ուրախանալու տեղիք իրականում քիչ ունենք, քանի որ տնտեսության կառուցվածքի իմաստով մեզանում ոչինչ չի փոխվել:
Բացի այս ամենը՝ մի կարևոր հանգամանք ևս առկա է: Այդպես էլ անհասականալի է, թե ինչու շարքային քաղաքացին ոչ մի կերպ սեփական մաշկի վրա չի զգում այդ աճն ու հարստանալու փոխարեն ժամանակի ընթացքում միայն աղքատանում է: Սա նշանակում է, որ մեզանում առկա է նաև եկամուտների հավասար բաշխման խնդիր, որը թերևս, պետության կարևորագույն գործառույթն է, որը, սակայն, տասնամյակներ ի վեր թերի է իրագործվում:
Այնպես որ՝ խնդիրը ոչ միայն աչքին հաճելի թվերի մեջ է, այլ՝ այդ թվերի էության ու բովանդակության: Հետևաբար՝ քանի դեռ տնտեսության մեջ կառուցվածքային փոփոխություններ չեն արձանագրվում, քանի դեռ չեն վերակենդանանում մեռած ճյուղերն ու եկամուտների հավասար բաշխում տեղի չի ունենում, ոչինչ չի փոխվելու ու առաջընթացը միայն թղթի վրա է լինելու: Հարկավոր է հատկապես ուշադրություն դարձնել եկամուտների հավասար բաշխման խնդրին, քանի որ արտագաղթի հիմնական պատճառներից մեկն էլ նույն արդարության սկզբունքի քրոնիկ պակասն է մեզանում:
Իրավիճակն ակամա մի անեկդոտ է հիշեցնում, երբ խորտակվող Տիտանիկի նավապետը խուճապահար ուղևորներին փորձում է հանգստացնել, թե «…արխային եղեք՝ 11 հատ օսկար ենք ստանալու»:
Հրանտ Դալլաքյան