«Տնտեսական զարգացման առումով ոչ միայն ես եմ լավատես, այլև միջազգային կառույցները»: Հոկտեմբերի 18-ին լրագրողների հետ զրույցում, ներկայացնելով պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում իրականացված աշխատանքները, այդ մասին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը` հավելելով, որ Համաշխարհային բանկը բարձրացրել է Հայաստանի տնտեսական աճի իր կանխատեսումները:
Նախարարը մատնանշեց առաջին 8 ամիսների վիճակագրական ցուցանիշները, ընդգծեց, որ մոտ ժամանակներում կամփոփվի 9 ամիսների ցուցանիշները, վստահեցնելով, որ այդ միտումը պահպանվելու է:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ՄԱԿ-ի ուսումնասիրությունների համաձայն՝ մինչ 2035 թվականը Հայաստանում կմնա մինչև 2,5 միլիոն մարդ, այնինչ նախագահը խնդիր էր դրել 2040 թվականին ունենալ 4 միլիոն բնակչություն, Սուրեն Կարայանը նկատեց՝ տնտեսության զարգացման առումով միտումները խոսում են հակառակի մասին։
«Տնտեսության՝ հատկապես մշակվող արդյունաբերության, ծառայությունների ոլորտի, առևտրի ոլորտի ակտիվացումը նպաստելու է, որ բնակչության կենսամակարդակը միանշանակ աճի: ՀՆԱ-ի աճը նպաստելու է, որ ազգաբնակչությունն աճի և ավելի շատ մարդիկ կվերադառնան Հայաստան, քան թե արտագաղթ կլինի»,- վստահեցրեց նախարարը:
Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե Ղարաբաղի չկարգավորված կոնֆլիկտը որքանո՞վ է ազդում տնտեսական զարգացման, ներդրումների վրա, Սուրեն Կարայանը պատասխանեց, որ այն բնականաբար իր ազդեցությունն ունի երկրի տնտեսական զարգացման վրա: Նա, սակայն, վստահեցրեց, որ նման դեպքերում ևս երկիրը կարող է զարգանալ, ինչի մասին վկայում են ներկայացված թվերը:
Vesti.am