Հայաստանի և ԵՄ-ի միջև ընդլայնված և համապարփակ գործընկերության մասին համաձայնագիրն իր ժամանակին կստորագրվի։ Այդպես է կարծում քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:
Հոկտեմբերի 17-ին լրագրողների հետ զրույցում բանախոսը նշեց, որ փաստաթղթի բոլոր դրույթները դեռ շատ վաղուց քննարկվել են բոլոր շահագրգիռ կողմերի կողմից, որոնք իրենց նախկին սխալները, նրա կարծիքով, ուղղել են։
«Դրույթները համաձայնեցված են և իսկապես չկան այնպիսիք, որոնք հակասում են ԵԱՏՄ անդամ Հայաստանին։ Լուրջ խնդիրներ չեն, լինի, եթե անգամ լինեն, կլինեն տեխնիկական բնույթի և լուծվող»,-
Վիգեն Հակոբյանը կարծում է, որ համաձայնագիրը որևէ կերպ չի անդրադառնա Հայաստանի քաղաքացիների կյանքի վրա, կանդրադառնա միայն այն ժամանակ, երբ ՀՀ-ն չդառնա տնտեսապես զարգացած ու ինքնուրույն միավոր։ Նրա խոսքով, ոչ ոք չի գալու այստեղ ինչ-որ բան արտադրի ու մեր փոխարեն արտահանի։
«Ցանկացած միություն մենք պետք է դիտարկենք որպես հնարավորություն՝ սեփական երկրի արտադրանքը այս կամ այն ձևով այդ միությունների շուկաներում վաճառելու։ Այսօր մենք անգամ ԵԱՏՄ շուկան չենք կարողանում քիչ թե շատ լուրջ օգտագործել, քանի որ բավականին քիչ արտադրատեսակներ ունենք, որպեսզի կարողանանք արտահանել»,-ասաց քաղտեխնոլոգը՝ հավելելով, որ գուցե պայմանագրի ստորագրումից հետո փոքր-ինչ դյուրին դառնա տուրիզմի նպատակով Եվրոպա մեկնելը, սակայն գլոբալ առումով առայժմ քաղաքացիներն իրենց մաշկի վրա չեն զգա դրա հաջողությունները։
Vesti.am