Հայ-իրանական հարաբերություների մասին խոսելիս բանախոսները, ովքեր էլ նրանք լինեն, հայ, թե իրանցի պաշտոնյաներ, փորձագետներ, թե ուղղակի շարքային քաղաքացիներ, նախընտրում են հնչեցվող գնահատականներում ժլատ չգտնվել ու շրջապատին ներշնչել, թե միջազգային հարաբերություններում ավելի պայծառ, հեռանկարային որևիցե բան ուղղակի գոյություն չունի. ամեն բան իդեալական է, կատարյալ: Սակայն երբ փորձում ես վերամբարձ գնահատականների իսկության հարցում ինքդ համոզվել, շոշափել խոսքերի տակ եղածը, հասկանում ես, որ ամեն բան այնքան էլ իդեալական չէ. ավելի պարադոքսալ երևույթ, քան հայ-իրանական հարաբերություններն են, դժվար է պատկերացնել:
Վարչապետի վերջին այցը Թեհրան ու դրա «արդյունքերը» վերն ասվածի փայլուն ապացույց պետք է համարել: Այցն ուղղակի շքեղ էր. ժպտացող դեմքեր, միմյանց հասցեին արված հաճոյախոսությունների տարափ, սիրո ու հավատարմության երդումներ և այլն: Մի խոսքով՝ «շոկոլադային» հարաբերություններ, որոնք, սակայն, զգացական մակարդակից անդին արդեն 20 տարուց ավելի է չեն անցնում, չեն նյութականանում ու դժվար էլ …
Եթե փորձենք հասկանալ՝ Կարապետյանի հոկտեմբերյան այցը հարևան երկիր ինչ տվեց մեզ ու իրանցիներին, ապա ստիպված պետք է ֆիքսենք, որ բանը բարի ցանկություններից անդին այս անգամ նույնպես չանցավ: Ի դեպ՝ նկատենք, որ այդ բարի ցանկություններն առկա են ինչպես հայկական, այնպես իրանական կողմում, քանի որ բոլորն էլ հասկանում են, որ այդ հարաբերությունների մաքսիմալ խորացումը ձեռնտու է երկուսին միաժամնակ: Իրանը Հայաստանի միջոցով կարող է անհամեմատ կերպով ավելացնել իր ազդեցությունն Անդրկովկասում, որը անվտանգության տեսանկյունից գերկարևոր տարածաշրջան է Թեհրանի համար: Հայաստանն էլ կարող է իրական այլընտրանք ձեռք բերել ի դեմս Իրանի, շնչել երկու թոքով միաժամանակ: Իսկ սա նշանակում է մեկ բան՝ հայ-իրանական տնտեսական հարաբերությունների ակտիվացում, որը, բնականաբար, ժամանակի ընթացքում հանգեցնելու է նաև երկկողմ քաղաքական հարաբերությունների որակապես նոր մակարդակի բարձրացմանը, ավելի շատ առնչվում է աշխարհաքաղաքականությանը, քան պարփակվում ասենք Մեղրիի տնտեսական ազատ գոտուց Հայաստանի ստանալիք օգուտի սահմաններում: Հայ–իրանական հարաբերությունները դիտարկել մեծ քաղաքականությունից, աշխարհաքաղաքական կոնյուկտուրայից դուրս, կնշանակի ոչինչ չհասկանալ միջազգային հարաբերույուններից ու աշխարհի կառավարման նրբություններից:
Ինչ վերաբերում է վերջին շրջանում բավական ակտիվորեն քննարկվող Թուրքմենստան- Իրան-Հայաստան կասկածելի եռանյունուն ու այդ եռանկյունին գոյացնող թուրքմենական գազին, որն իբր տարհանվելու է Հայաստանի տարածքով՝ այդպիսով Հայստանն իբր վերածելով կարևոր, ինքնուրույն խաղացողի Անդրկովկասում, պետք է ասել, ի սկզբանե ձախողված ծրագիր է: Ամենևին էլ մեծ խելք կամ վերլուծական խորը կարողություններ պետք չեն, հասկանալու համար, որ այդ պլանը գոնե տեսանելի ապագայում չի կարող կյանքի կոչվել որևիցե պարագայում՝ անկախ այն բանից, թե ասենք հայ պաշտոնյաններն ու նրանց իրանցի կոլեգաները քանի անգամ փոխայցեր կկատարեն, քանի անգմա միմյանց կհյուրընկալվեն և այլն:
Ինչո՞ւ:
Աշխարհում այժմ միջազգային կացությունն այնպիսին է, որ խոսել խոշոր խաղացողների միջև փոխադարձ վստահության մասին, ուղղակի ծիծաղելի է: Իրականում Իրանն Անդրկովկասում Մոսկվայի կողմից ընկալվում է ավելի շատ որպես մրցակից երկիր, քան՝ գործընկեր պետություն: Ասել կուզի հայ-իրանական տնտեսական հարաբերւթյունները, և ոչ միայն, գտնվում են ոչ թե Իրան-Հայաստան հարաբերությունների տիրույթում, այլ՝ Իրան-Ռուսաստան, իսկ ավելի լայն իմաստով՝ Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների հարթությունում: Ու հիմա եթե Թուրքմենական գազը, որը ռուսական գազի մրցակիցն է, դուրս գա շուկա առանց ռուսների ուղղակի մասնակցության, նրանց իսկ «ջգրու», կստացվի, որ մի կողմից Ռուսաստանը ձեռք է բերում իր գազի համար ևս մեկ մրցակից, մյուս կողմից թուլացնում է իր դիրքերը Անդրկովկասում հօգուտ Իրանի, ինչի մասին իրականում երազում է Արևմուտքը: ՌԴ դեմ մղվող աշխարհաքաղաքական պայքարում, իսկ ավելի ճիշտ՝ պատերազմում, երբ ընդունելի են բոլոր մեթոդներն ու գործիքակազմերը, Իրանը կարող է յուրատեսակ գործիք դառնալ Անդրկովկասից Մոսկվային դուրս մղելու գործում: Այսինքն՝ թուրքմենական գազը կարող է վարար աղբյուր դառնալ արևմուտքի ջրաղացի համար: Այս ամենը վերաբերում է նաև Հայաստանի ու Իրանի համատեղ այլ տնտեսական ծրագրերին, որոնց պակաս, ինչպես հայտնի է, առանձնապես չկա, բայց որոնցից ստացված օգուտն առայժմ չի երևում (Մեղրիի ՀԷԿ-ը դեռ կառուցվում է, Հյուսի-հարավն այդպես էլ գլուխ չի գալիս, իսկ ազատ տնտեսական գոտում իրանական ընկերությունների ակտիվացումն ընդամենը գեղեցիկ երազանք է թվում): Ճիշտ է՝ Իրանը Ռուսաստանին հաճախ պետք է գալիս Մերձավոր Արևելքում, իսկ երբեմն էլ որպես կայունացնող գործոն նաև Անդրկովկասում: Բայց ամեն բան հարաբերական է մեծ քաղաքականությունում ու մանավանդ հիմա: Ամեն բան գեղեցիկ է չափի մեջ, իսկ այդ չափերի սահմաններում հայ-իրանական ծաղկուն տնտեսական հարաբերութությունները ոչ մի կերպ չեն տեղավորվում:
Այնպես որ՝ Կարապետյանը կայցելի Թեհրան, թե՝ նախագահը, Ռոհանին կշտապի Բաղրամյան 26, թե Ալի Լարիջանին խոստումնալից թվացող ելույթներ կունենա հայ գործընկերների հետ հանդիպումներից առաջ կամ հետո, իրերի դասավորությունը չի փոխվի:
Աշխարհն աննկատ երրորդ համաշխարհայինին է պատրաստվում, մենք էլ միամիտ-միամիտ կարծում ենք, թե Արեգակը միմիայն Հայաստանի շուրջ է պտտվում. երանի մեզ…
Էռնեստ Ջանփոլադյան