«Ցանցացատկն օլիմպիական մարզաձև է և մենք աջակցության կարիք ենք զգում: Կցանկանայի խնդրանքով դիմել ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին: Եթե պետական կառույցը մեզ ընդառաջ գնա և օգնության ձեռք մեկնի, անգամ՝ ոչ մեծ, մեր մարզիկները բարձր արդյունք ցույց կտան»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանի ցանցացատկի ֆեդերացիայի նախագահ, Գինեսի գրքի բազմակի ռեկորդակիր Դավիթ Ֆահրադյանը:
Այդ մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Այս օրերին Ֆահրադյանի հրավերով Երևանում են Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսեյ Ռիժկովը և Կրասնոդարի երկրամասի ՄՊՄԴ ավագ մարզիչ Յուրի Ասլանյանը:
ՀՑՖ-ն արդեն մի քանի տարի է համագործակցում է ռուս գործընկերների հետ, իսկ մեր մարզիկները միջազգային մրցաշարերի են մասնակցում Կրասնոդարի երկրամասում, որը ՌԴ-ում ցանցացատկի գլխավոր կենտրոններից է: Մեր պատանի մարզիկների առաջընթացն ակնհայտ է:
Այս տարի նվաճվել է միանգամից տասը մեդալ: Հայկական և ռուսական կողմերը քննարկել են հետագա հնարավոր համագործակցությունը:
Արմատներով Հայաստանից Յուրի Ասլանյանը հաճախ է հայրենիք այցելում և մարզական գործընթացում ցուցաբերում է մեծ օգնություն:
«Այստեղ տաղանդավոր երեխաներ կան, որոնք, չնայած ենթակառուցվածքների հետ կապված խնդիրներին, հասնում են հաջողությունների: Այսօր արդեն մոտ 200 երեխա Երևանում զբաղվում է ցանցացատկով: Նրանք հետագայում էլ աճելու մեծ ցանկություն ունեն, այդ պատճառով Հայաստանում մեր մարզաձևի լավ հեռանկարներ եմ տեսնում»,-ասել է Յուրի Ասլանյանը:
Ալեքսեյ Ռիժկովն առաջին անգամ է Հայաստանում.
«Անկեղծ ասած, մարզական գույքի հետ կապված իրավիճակն այնքան էլ հուսադրող չէ: Ցանցացատկը բարդ մարզաձև է, որը պահանջում է շարժումների լավ կորդինացիա: Գոյություն ունեն մարզումների անվտանգ անցկացման հատուկ պահաջներ:
Տեղի ֆեդերացիայի ղեկավարության ջանքերի շնորհիվ թեկուզ և համեստ մակարդակով, բայց ինչ-որ բան արվում է: Առաջին տարին չէ, որ Կրասնոդարում անցկացվող մրցաշարերում տեսնում եմ ձեր մարզիկների արդյունքները: Առաջընթացն ակնհայտ է, կեցցեն»,- նշել է Ռուսաստանի հավաքականի մարզիչը՝ հույս հայտնելով, որ համատեղ մրցումներ, այդ թվում Հայաստանի տարածքում, ավելի հաճախ կկազմակերպվեն:
Ցանցացատկը չի ստանում պետական ֆինասնավորում.
«Այսօր մենք ինքներս ենք հոգում մեր ծախսերը, օգնում են ծնողները, բայց այդպես չի կարող շարունակվել: Մենք շատ բան չենք ուզում, բավական է, որ 1-2 մարզիկ կարողանա մասնակցել միջազգային հավաքների և մրցումների»,- ասել է ՀՑՖ նախագահը:









