Foto

ԵԱՏՄ-ն վերացրել է առաջին խոչընդոտը

ԵԱՏՄ երկրներ մատակարարումների համար այլևս անհրաժեշտ չի լինի հայտարարագրել էլեկտրաէներգիան և ածուխը: Այսպիսով՝ ՌԴ-ի կողմից Եվրասիական միության երկրներ արտահանելիս վառելիքաէներգետիկ ապրանքները հայտարարագրելու անօրինական պահանջը վերացվել է: Դա միության ընդհանուր շուկաների ձևավորման համար խոչընդոտների «Սպիտակ գրքից» առաջին արգելքն էր, որ վերացվել է Եվրասիական հանձնաժողովի ճնշման տակ, հայտնում  է kommersant.ru-ն:

Այնուամենայնիվ, գազի, նավթի և նավթամթերքի համար գործող նույն պահանջները ԵԱՏՄ-ում կպահպանվեն մինչև 2025 թվականը:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովին հաջողվել է ՌԴ իշխանություններից հասնել Եվրասիական միության ներքին շուկայում առաջին արգելքի վերացմանը: 2017 թվականի սեպտեմբերի 28-ի ՌԴ կառավարության որոշումը ՌԴ դաշնային մաքսային ծառայությանը զրկել է միության անդամ երկրներ արտահանելիս վառելիքաէներգետիկ ապրանքների հայտարարագրում պահանջելու իրավունքից: Հանձնաժողովի տվյալներով՝ խոսքը նախևառաջ տարեկան 660 միլիոն դոլարի ածխի և էլեկտրաէներգիայի մատակարարումների մասին է, որոնցից ՌԴ-ից մատակարարումները կազմում են ամբողջ առևտրի 60 տոկոսը:

Vesti.am