ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հոկտեմբերի 11-ին ընդունեց «Վնեշէկոնոմբանկի» ներկայացուցիչներին՝ միջազգային բիզնես ծրագրերի ղեկավար Դանիիլ Ալգուլյանի գլխավորությամբ։ Այդ մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:
Ներկայացնելով բանկի գործունեության շրջանակներն ու համագործակցությունը տարբեր երկրների տրանսպորտային ոլորտների ծրագրերում՝ բանկի ներկայացուցիչները հույս հայտնեցին համագործակցության եզրեր գտնել նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող նախագծերում:
Նախարար Վահան Մատիրորոսյանը ներկայացրեց համագործակցության հնարավոր ուղղությունները, մասնավորապես, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը, միասնական երթուղային ցանց ստեղծելու, մուլտիմոդալ բեռնափոխադրումների, ինչպես նաև տարածաշրջանային «Դատա կենտրոն» հիմնելու ծրագրերը։
Բանկի ներկայացուցիչներն իրենց հետաքրքրությունը արտահայտեցին ներկայացված ծրագրերի առնչությամբ և պատրաստակամություն հայտնեցին ակտիվ մասնակցություն ունենալ այդ ծրագրերում:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց ծրագրերի հանգամանալի ուսումնասիրությունից հետո քննարկել նաև փոխշահավետ համագործակցության հնարավորությունները։