Foto

Ջերմոցային տնտեսությունների ստեղծումը և՛ զբաղվածության հարց կլուծի, և՛ եկամտաբերություն կավելացնի. նախարար

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին այցելել է Դարակերտ համայնքում գտնվող Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն (CARD) հիմնադրամի Ջերմոցային տնտեսությունների սպասարկման կենտրոն, տեղեկացնում են նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Կենտրոնը հիմնվել է 2014 թվականին՝ Հայաստանի ջերմոցային տնտեսության ոլորտի զարգացման նպատակով: Այստեղ անց են կացվում սեմինարներ և դասընթացներ Հայաստանի և օտարերկրյա մասնագետների կողմից: Այն ծառայում է նաև որպես հաղորդակցման հարթակ 22 համայնքների 1000-ից ավելի ֆերմերների համար: Կենտրոնում նախարարը մասնակցել է փոքր և միջին գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչների հետ կազմակերպված հանդիպմանը, որի ընթացքում ներկայացվել են փորք և միջին չափերի նոր տեսակի թաղանթային ջերմոցների առավելությունները, արդյունավետությունը, դրանց դերը գյուղատնտեսության զարգացման գործում: Մասնագետների հիմնավորմամբ՝ այդ ջերմոցները բարձր արդյունավետություն կարող են ապահովել փոքր և միջին գյուղացիական տնտեսությունների համար, որոնք իրենք փոքր հողակտորների վրա չեն կարողանում բավարար եկամուտներ ստանալ և արդյունավետ գյուղատնտեսություն վարել: Այնուհետև նախարարը շրջայց է կատարել կենտրոնում, ծանոթացել պայմաններին, զրուցել աշխատակիցների հետ: Կենտրոնի ջերմոցային տնտեսությունների և հողագործության զարգացման բաժնի տնօրեն Աննա Կարապետյանի խոսքով՝ կենտրոնի նպատակն է ջերմոցային տնտեսություններին ներկայացնել որակյալ ապրանքատեսակներ և նոր տեխնոլոգիաներ: Կենտրոնի հետ համագործակցում են շուրջ 13 աշխարհահռչակ կազմակերպություններ, այստեղ հիմնվել է փորձացուցադրական դաշտ, որտեղ կազմակերպվում են դասընթացներ, տարբեր տեսակի հիբրիդների և տեխնոլոգիաների փորձացուցադրություններ: Կենտրոնում ֆերմերներին ապահովում են նաև անվճար մասնագիտական խորհրդատվությամբ, որը տրամադրում են Հայաստանում և արտերկրում վերապատրաստված մասնագետները:

Նախարար Իգնատի Առաքելյանը, ամփոփելով այցի արդյունքները, նշել է, որ Արարատյան հարթավայրում շատ են փոքր և միջին գյուղացիական տնտեսությունները, որոնց համար նման ջերմատների հիմնումը կարող է դառնալ զարգացման ծրագիր:

Նախարարի խոսքով՝ նման տնտեսությունների ստեղծումը և՛ զբաղվածության հարց կլուծի, և՛ եկամտաբերություն կավելացնի, ինչպես նաև արդյունաբերական գյուղատնտեսության զարգացմանը կնպաստի, եթե տնտեսությունները կոոպերացվեն, կոնսոլիդացված աշխատեն և կարողանան իրենց արտադրանքը երաշխավորված արտահանել: