Foto

Հեծանվորդ Էդգար Ստեփանյանն առաջին անգամ կմասնակցի Եվրոպայի մեծահասակների առաջնությանը

Հայաստանի առաջատար հեծանվորդ Էդգար Ստեփանյանն առաջին անգամ կմասնակցի հեծանվահրապարակի Եվրոպայի մեծահասակների առաջնությանը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ, Ստեփանյանն այժմ մարզումներ է անցկացնում Օլիմպավանում: Աշխարհամասի առաջնությունում նա հանդես կգա անձնական մարզչի՝ Արմեն Գյոզալյանի գլխավորությամբ:

Մարզչի կարծիքով՝ Էդգարն իսկական մարտիկի բնավորություն ունի և պատրաստ է պայքարել մինչեւ վերջ.

«Շատ ուժեղ առաջնություն է, որին մասնակցում են օլիմպիական խաղերի, աշխարհի առաջնության չեմպիոններ ու մրցանակակիրներ: Շատ եմ ցանկանում, որ Էդգարի նորամուտը մեծահասակների առաջնություն հաջող լինի: Նա լավ է տրամադրված, սիրում է պայքարել: Մինչև առաջնության մեկնարկը Էդգարը լավ մարզավիճակում կլինի»,- նշեց Արմեն Գյոզալյանը:

Եվրոպայի առաջնությունում Ստեփանյանը նախնական հայտավորված է չորս մրցաձևում՝ սկրեչ, օմնիում, 4 կմ հետապնդումով և խմբակային վազք.

«4 կմ հետապնդումով և խմբակային վազք մրցաձևերի միջև դադարը քիչ է: Գուցե, դրանցից մեկը բաց թողնենք, մրցավայրում կհասկանանք: Մեր բուն նպատակն օմնիումն է:

Էդգարը պետք է միավորներ վաստակի՝ աշխարհի առաջնությանը մասնակցելու թույլտվություն ստանալու համար, որտեղ խաղարկվելու են Տոկիոյի օլիմպիական խաղերի վարկանիշեր»,- ասաց մարզիչը:

Եվրոպայի մեծահասակների առաջնությունը կկայանա Բեռլինում հոկտեմբերի 18-22-ը: Ստեփանյանը մրցավայր կմեկնի հոկտեմբերի 15-ին: