Foto

Ջիու-ջիցուն խոր փիլիսոփայությամբ ինքնուրույն մարզաձև է. Տիգրան Հարոյան

Vesti.am-ի զրուցակիցն է Ջիու-ջիցու մարտարվեստի միջազգային ֆեդերացիայի նախագահ Տիգրան Հարոյանը։

-Տիգրա՛ն, ի՞նչ կենսագրություն ունի ջիու-ջիցուն Հայաստանում, ի՞նչ արդյունքներ եք ունեցել այս տարիների ընթացքում:

Ջիու-ջիցուն Հայաստանում սկիզբ է առել 1991-ից, գործել մինչև 2002 թվականը, այնուհետև որոշ ժամանակ հետո  ինչ-ինչ պատճառներով  դադար է ունեցել: Այժմ  այն կրկին վերաբացվել է:

-Ի՞նչ նկատի ունեք՝ վերաբացվել ասելով՝  նոր դպրոցներ,  մարզասրահներ են բացվել, նոր մարզիկներ են ներգրավվել, ի՞նչն է նոր մարզաձևում։

Հին մարզիկներից շատերն այժմ մարզչական կազմում են,  բնականաբար, մեր թիմում ընդգրկված են նոր մարզիկներ, նոր խմբակներ են բացվել,  շաբաթվա բոլոր օրերին մարզումներ ենք ունենում:

- Հիմնականում ի՞նչ խմբերի՝  դպրոցահասա՞կ, թե՞ որոշակի տարիքի հաջողության հասած մարզիկներ վրա եք ուշադրություն դարձնում:

Մեզ մոտ պարտադիր չէ, որ հաճախեն որոշակի հաջողություն գրանցած մարզիկներ, ներկայումս մեր շարքերում ունենք  5- 18 տարեկան աղջիկներ և տղաներ: Տարիքային սահմանափակումներ նույնպես չունենք ՝ կարող են գալ ինչպես մինչև 18, այնպես էլ 18-ից բարձր տարիք ունեցող մարդիկ, կարևորը շարժվելու կարողությունն է:

-Ջիու-ջիցուն ի՞նչ առավելություններ ունի  և ինչո՞վ է տարբերվում այլ մարզաձևերից: Ինչո՞վ այն կարող է գրավել ծնողին, որպեսզի երեխային բերի ձեր մարզաձևի պարապունքներին:

Այն տարբերվում է վարժությունների համալիրով, ի տարբերություն կարատեի, որը 4 և ավելի ճյուղավորում ունի,  ջիու-ջիցուն իրենից ճյուղավորվող որևէ մարտարվեստի ձև չունի:

Բացի ֆիզիկական վարժություններից, մեր մարտարվեստը խոր հոգեփիլիսոփայական կողմ ունի, և երեխային պարապունքների առաջին օրվանից ծանոթացնում ենք այդ փիլիսոփայությանը:

-Իր ձևավորման սկզբնական փուլում ջիու-ջիցուն Հայաստանում տեղական մակարդակով որոշակի հաջողություններ գրանցել է, դադարից հետո ինչպես եք պատրաստվում զարգացնել այդ հաջողությունները, ապագա ի՞նչ ծրագրեր ունեք:

Հիմա մեր մարզիկները միջազգային մրցաշարի են մասնակցում՝ արդեն մայիսից, 5 ամիս կլինի, ինչ նրանք Չինաստանում են և շարունակում են հաղթանակներ գրանցել՝ ոչ մի պարտություն չունենալով: Ունենք հրավերներ Վրաստանից և Ռուսաստանից: Ռուսաստանից երկու հրավեր էլ ունենք մարտեր առանց կանոնների մարզաձևից: Ջիու-ջիցուն մարտեր առանց կանոնների մարտաձևի հիմք կարելի է համարել, քանի որ բռնումները, նետումները բոլորը մեր մարզաձևից են վերցված: Պատահական չէ, որ մեր մարզիկներից Դավիթ Խաչատրյանն այժմ մարտեր առանց կանոններում նշանակալի հաջողություններ է գրանցում:

-Ջիու-ջիցուի միջազգային պատմությունը որտեղից է սերում.

Այն ճապոնական մարտաձև է, սկիզբ է առել 1500-ականներից, սկզբնական շրջանում եղել է միայն կայսերական ընտանիքի անդամների համար, ապա պատերազմական ժամանակաշրջանում ուսուցանվել է զինվորներին՝ ձեռնամարտերում, առանց  զենքի թշնամուն հաղթելու նպատակով: Հենց այս մարտաձևի շնորհիվ են ճապոնացիները հաղթանակներ տարել մարտերում, կարելի է ասել, որ ջիու-ջիցուն պատմություն է փոխել:

-Մարզերում ինչպիսի՞  ընդգրկվածություն, հաջողություններ կան։

Մարզերում  փոքրիկ խմբակներ ունենք, բայց դեռ չենք ցանկանում անդրադառնալ դրան, որոշակի գործ կանենք, նոր կբարձրաձայնենք,  ծրագրեր կան, մշակվում են։

-Ինչպե՞ս կարող են հետաքրքրված անձիք գտնել ձեր մարզադպրոցը։

Մեր հասցեն՝ Բաշինջաղյան փողոց, 195 ավագ դպրոց:

22215348_518853745129347_235758163_n 22093709_516820128666042_571473487_n

Սաթենիկ Թովմասյան

Vesti.am