Foto

Չի բացառվում, որ Ջավախքում տեղի ունեցած բախումները կապված լինեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների հետ. Ջոնի Մելիքյան

Հոկտեմբերի 3-ին, լրագրողներիի հետ հանդիպմանը, անդրադառնալով Ջավախքում հայերի ու վրացի հատուկջոկատայինների միջև բախումներին, վրացագետ Ջոնի Մելիքյանն ասաց, որ ըստ իր տեղեկությունների, Ջավախքի Գումբուրդո գյուղի բնակիչներն այդ օրը որոշել էին ոչ թե եկեղեցու բակում խաչքար տեղադրել, այլ այն ուղղակի տեղափոխել են եկեղեցու բակ, որ ապահով տեղում լինի:

Նա հայտնեց, որ նախապես պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ խաչքարի տեղադրումը պետք է լինի հոկտեմբերի վերջին՝ ՏԻՄ ընտրություններից հետո:

«Կարծում եմ, սադրանք է տեղի ունեցել: Ծեծկռտուք է սկսվել, որի ժամանակ ոստիկանությունն ավելի շատ ուժ կիրառեց, քան պետք էր, հետո հատուկ ջոկատայիններ հրավիրվեցին կողքի քաղաքից: Այս պահին հարցը կարգավորված է»,-ասաց բանախոսը՝ չբացառելով, որ դա կապված է առաջիկա ՏԻՄ ընտրությունների հետ:

«Կարծում եմ, այս ամենը  կապված է ներքաղաքական գործընթացների հետ: Մենք պետք է իմանանք, որ նման դեպքերն ունենում են արձագանք: Իսկ արձագանք ապահովում է երրորդ կողմը՝ այս պարագայում ադրբեջանական ու ադրբեջանամետ մամուլն էր, որը հայերին ներկայացրեց որպես սեպարատիստ, իսկ տեղի ունեցածը՝ հայ-վրացական բախում, այնինչ դա ընդամենը միջադեպ էր»,-ասաց Մելիքյանը:

Վրացագետը կարևորեց նաև այն, որ Վրաստանի ներքին գործերի նախարարն ակտիվ միջամտեց գործին:

Vesti.am